Անհետ կորած զինծառայողի հորը դեռ մեղադրանք չի առաջադրվել. Պաշտպան
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիր ավտոմեքենայով մուտք գործած անհետ կորած ժամկետային զինծառայողի հորը դեռևս մեղադրանք չի առաջադրվել: Panorama.am-ի հետ զրույցում նրա պաշտպան Կարեն Ստեփանյանը հայտնեց, որ ձերբակալության 72 ժամը լրանում է ժամը 01:00-ին, քիչ անց նախատեսված են քննչական գործողություններ՝ կամ մեղադրանք կառաջադրվի, կամ կազատվի, կամ դատարան կներկայացվի կալանավորման միջնորդություն:
Նա կարծում է՝ մեղադրանք կառաջադրվի, սակայն ինչ հոդվածով, չկարողացավ նշել:
«Որպես կասկածյալ կարճ ներկայացրել է իր հոգեվիճակը, պահի տակ ծնված քայլ է եղել, ինքն էլ է հասկանում, բայց մարդն անճարությունից ինչի ասես ընդունակ է: Որևէ մեկին կոնկրետ վնասելու միտում չի ունեցել, պահի ազդեցության տակ այդ քայլն է կատարել»,- ասաց պաշտպանը:
Կ. Ստեփանյանի խոսքով, բոլորն էլ հասկանում են այդ քայլի էությունը, բայց այս պահին կարեկցանքը քիչ է, պետք է իրավական գործընթացներով անցնի ու ճիշտ գնահատական տրվի ամեն ինչին՝ իր հոգեվիճակին, արարքի նպատակին:
Պաշտպանն ասաց, որ դեռ տեղեկություն չունեն անհետ կորած զինծառայողի մասին, վերջին տեղեկությունը եղել է հոկտեմբերի 3-4-ին, մի քանի ամսվա ծառայող է եղել: Նա պատմեց, որ հայրն էլ որպես կամավոր մասնակցել է մարտական գործողություններին, որդու դիրքերից մի քանի հարյուր մետր է հեռու եղել, գնացել էր իր որդուն մոտ լինելու համար:
Հիշեցնենք, որ հունվարի 10-ին, ժամը 21։30-ի սահմաններում, ՀՀ Կոտայքի մարզի բնակիչ Գ.Վ.-ն, իր անձնական օգտագործման «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով հարվածել է ՀՀ ՊՆ վարչական համալիրի հսկիչ անցագրային կետի դարպասին, կոտրել դրանք և մուտք գործել ՊՆ վարչական համալիրի տարածք: Պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ այնուհետև Գ.Վ.-ն մեքենայով կոտրել է վարչական մասնաշենքի մուտքի դռները և մեքենայով մխրճվել շինության մեջ։ Քաղաքացի Գ.Վ.-ն ձերբակալվել է հսկիչ անցագրային կետում ծառայություն իրականացնող ՊՆ ՌՈ աշխատակիցների կողմից:
Փաստի առթիվ ՊՆ ՌՈ Երևանի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե: ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 4-րդ ԿՔԲ-ն, ՀՀ քրեական օրենսգրքի 327.6 հոդվածի 5-րդ մասով և 258 հոդվածի 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ։
Հարակից հրապարակումներ`
- Անհետ կորած զինվորի հորը ձերբակալել են
- Ողջերին փնտրող խմբին Կարմիր շուկայի մոտից հետ են ուղարկել. անհետ կորած զինծառայողի հարազատ
- Մինչև հիմա մարդասպանները ջիպերով կայֆավատ են լինում, երեխեքն էլ այնտեղ կոտորվում են. անհետ կորած զինծառայողի հարազատ
- Անհետ կորածների հարազատները Կառավարության անգործությունը կվիճարկեն Վարչական դատարանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան