Ադրբեջանի ու Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների մասին խոսելը քաղաքական խելագարություն է. Աբովյան
«Իհարկե, ռազմագերիների ու անհետ կորածների հարցն այսօր ամենակարևորն է, և ցավում եմ, որ Նիկոլ Փաշինյանը կա՛մ չկարողացավ լուծել այդ խնդիրը, կա՛մ նույնիսկ իրեն չլսեցին»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։
Նրա խոսքով, ռազմագերիների և անհետ կորածների խնդիրն ակնհայտ ցույց է տալիս Արդբեջանի և Թուրքիայի իրական նպատակները՝ և՛ կարճաժամկետ և՛ միջնաժամկետ դեպքերի համար։
«Եվ այս պարագայում խոսել բարիդրացիական կամ դիվանագիտական հարաբերությունների մասին, իրականում քաղաքական խելագարություն է»,- ասաց նա։
Արման Աբովյանն ընդգծեց, որ ԲՀԿ-ն օր ու գիշեր աշխատում և աշխատել է գերիների վերադարձի ուղղությամբ՝ օգտագործելով բոլոր հնարավոր և անհնարին լուծման եղանակները։
«Ավելին ասեմ՝ այդ հարցը նաև պարոն Ծառուկյանի անմիջական ուշադրության կենտրոնում է։ Շատ կարևոր է հասկանալ, որ այս խնդրի լուծման բոլոր խողովակները գտնվում են իշխանության ձեռքում։ Եվ այդ խողովակների ոչ հմուտ կամ թերի օգտագործումը բերում է նրան, ինչին բերել է»,- նկատեց նա։
Արման Աբովյանը տեղեկացրեց նաև, որ այս պահին իրենք որևէ ընդհանուր օրակարգ չունեն իշխանությունների հետ, քանի որ այն «ապաշնորհ», գիտակից կամ չգիտակցված «անգրագետ» քայլերը, որոնք առկա են դիվանագիտական դաշտում, պարզապես չեն թողնում ոչ մի հնարավորություն՝ որևէ բան քննարկելու։
«Մենք այսօր հասկանում ենք մի բան, որ բոլոր խնդիրները գալիս ու կանգնում են Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ կառավարման տրամաբանության մեջ։ Եվ այս պարագայում մենք ի՞նչ քննարկենք։ Պատերազմի առաջին օրվանից Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններից են խոսում, բայց իրենք տեղյա՞կ են Թուրքիայի նախապայմաններից։ Դա լինելու է հետևյալը. Հայոց ցեղասպանության հարցը պետք է հանվի առհասարակ, որ Հայաստանը պետք է հրաժարվի Հայ Դատի գաղափարներից, ինչը նշանակում է տոտալ տապալում՝ մեր ազգային տեսլականի։
Եթե Հայաստանը Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման է գնում, ապա այս պարագայում թուրքական թե՛ դիվանագիտական, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական էքսպանսիան անխուսափելի է դառնում։ Դա կբերի Հայաստանի ոչնչացմանը։ Նույնը Ադրբեջանի մասով։ Եթե դուք գնում եք Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման, դա նշանակում է, որ դուք պարտավորվում եք որոշակի տարածաշրջանային իրողությունների տեսլականի ներքո ընդունել, օրինակ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանն անում է այդ հանցագործությունները՝ տեսնելով ՀՀ-ի՝ պետական մակարդակով լռությունը. Ալավերդյան
- ՄԻՊ արտահերթ զեկույցը վերաբերում է Ադրբեջանում գերիների նկատմամբ վերաբերմունքին
- Չեմ կարծում՝ գերիների թեման այն հարցն է, որ պետք է որևէ մեկի կողմից շահարկվի. Մակունց
- Հայաստանը Ռուսաստանին, Ադրբեջանը Թուրքիային կապող երկաթուղու քարտեզը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում