Ադրբեջանն անում է այդ հանցագործությունները՝ տեսնելով ՀՀ-ի՝ պետական մակարդակով լռությունը. Ալավերդյան
«Խնդիրն այն է, որ կարծես թե բաժանում տեղի ունեցավ հին և նոր ռազմագերիների մեջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։
Նրա խոսքով, անհետ կորածներից մեկի հարազատին ասել են, որ հին անհետ կորածների վրա չեն ազդում գործող օրենքները, և նրանք անգամ չեն ստանում այն սոցիալական աջակցությունը, որը ստանում են նոր անհետ կորածների ընտանիքները։
«Ես մերժում եմ այդ մոտեցումը։ Անհետ կորածը անհետ կորած է, և ես հույս ունեմ, որ այդ մոտեցումը կփոխվի. մենք ունենք 200-ից ավելի անհետ կորածներ դեռ Արցախյան առաջին պատերազմից։ Ինքնին այդ խնդիրը բազմապատիկ ավելի ծանր է, քան շատերը պատկերացնում են»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է Արցախյան 44-օրյա պատերազմին, ապա Լարիսա Ալավերդյանն ասաց, որ այնտեղ մի տարօրինակ երևույթ է նկատվում, որն ունի հանցագործության հատկանիշներ։
«Ի տարբերություն Արցախյան առաջին պատերազմի, սեպտեմբերից մինչև նոյեմբեր տևած այս պատերազմն ընթացել է ավելի կազմակերպված։ Որովհետև առաջին պատերազմը սկսվել է ֆիդայական ջոկատներով, իսկ այս անգամ մենք ունեինք կայացած բանակ, և երբ ՀՀ-ում հայտարարվեց ռազմական դրություն, եզակի մարդիկ են եղել, որ առանց զինկոմիսարիատներին դիմելու են հայտնվել առաջնագծում»,- ասաց նա։
Ըստ Լարիսա Ալավերդյանի, պետք է ցուցակներով, անձերով բանակն ունենա մի քանի թիվ։ Դրանցից առաջինը, նրա խոսքով, ռազմաճակատ գնացածների թիվն է, երկրորդը՝ վերադարձածների ցուցակը և երրորդը՝ հայտնի ռազմագերիների ցուցակը։
«Եվ այդ դեպքում կմնան այն մարդիկ, որոնք համարվում են անհետ կորած։ Իսկ հիմա իշխանություններն ասում են՝ դա գաղտնի թիվ է, բայց այդ անձանց բոլոր հարազատները պետք է տեղեկացված լինեն։ Եվ այստեղ, այդ գաղտնիության քողը ավելի շատ քաղաքականացված քայլ է։ Մենք գիտենք, որ Ադրբեջանի կողմից բոլոր ռազմական հանցագործություններին, մարդկության դեմ հանցագործություններին գումարվել է ցինիկ մի պահվածք, որն արվել է ցուցադրական ձևով։ Նրանք, վերադարձնելով 44+1 գերի, դրա դիմաց վերցրել են 62, մեր տվյալներով 64 մարդկանց։ Եվ Ադրբեջանը ոչ թե ոտնահարում է այս կամ այն միջազգային նորմը, այլ նա հակադրվում է այդ նորմերին։ Մենք պետք է այդ միտքը շրջանառության մեջ դնենք»,- նշեց իրավապաշտպանը։
Ըստ նրա, միջազգային իրավունքն ընդհանրապես արգելում է խոսել «բոլորը բոլորի» դիմաց սկզբունքով գերիների վերադարձի մասին, եթե կան ռազմագերիներ, պետք է անմիջապես գործընթաց սկսվի՝ նրանց հետ կապված։
«Եվ չի կարող լինել նման խոսակցություն, որ գերիների վերադարձի մասին կխոսվի երկաթուղին բացելուց հետո։ Դա հայտարարելն արդեն նշանակում է ոչ թե քաղաքականացում, այլ՝ մանիպուլյացիա։ Բնակչության մեծ մասը դեմ են սահմաններն այդքան հապշտապ բացելուն և մի քանի կոմունիկացիաներ ստեղծելուն։ Կոմունիկացիան միայն ճանապարհը չի, դա սպասարկում ունի, դա անվտանգության ապահովում ունի, դա ենթադրում է և՛ ճանապարհը, և՛ համակարգային գործողությունները։ Իսկ հիմա այդ քաղաքական առումով անմեղսունակ հայտարարությունները, թե այստեղ չկան Մեղրի կամ միջանցք բառեր, չգիտեմ՝ որ խավի համար են։ Դա անգրագիտության ծայրահեղ աստիճան է»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։
Միևնույն ժամանակ, իրավապաշտպանը հավելեց, որ Ադրբեջանն է սկսել գերիների վերադարձի գործընթացը քաղաքականացնել. վերցնելով ռազմագերիներ՝ նա մի բան էլ նրանց տեռորիստներ է որակել։
«Այդ խնդիրը պետք է դառնա ամենատարբեր հարթակների օրակարգային հարց։ Պետք է ընդունվեն որոշումներ, որոնցով միանշանակ դատապարտվում է Ադրբեջանը։ Բայց նման գործընթաց ես չեմ նկատում։ Եվ Հադրութի գյուղերի գերեվարված մարդկանց հարցը պետք է Հայաստանի կողմից ստանա նաև քաղաքական հնչեղություն, դա շատ կարևոր է, քանի որ տեղի է ունեցել հանցագործություն՝ քաղաքական դաշտում։
Իսկ Ադրբեջանը անում է այդ հանցագործությունները, քանի որ տեսնում է, որ ՀՀ-ում, բացի ՄԻՊ գրասենյակից, ոչ ոք այդ հարցերը չի բարձրացնում։ Եվ քանի որ ռազմական հանցագործություններ են տեղի ունեցել Ադրբեջանի կողմից, գերիների հարցին Հայաստանը պետք է և՛ քաղաքական, և՛ իրավական ընթացք տա, իսկ ահա գերիների վերադարձն արդեն հումանիտար իրավունքի ներքո պետք է իրականացվի»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ արտահերթ զեկույցը վերաբերում է Ադրբեջանում գերիների նկատմամբ վերաբերմունքին
- Չեմ կարծում՝ գերիների թեման այն հարցն է, որ պետք է որևէ մեկի կողմից շահարկվի. Մակունց
- Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները քննարկել են հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցը
- Թշնամու հետ չեն կարողանում բանակցել ու որոնողական աշխատանքներ սկսել Զանգելանում. Անհետ կորած զինծառայողի մայր
- Էջմիածնում անհետ կորած զինծառայողների ծնողները նստացույց են անում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան