ՀՀ-ն մահապատժի վերացմանն ուղղված արձանագրություն կվավերացնի
Մեկնարկել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։
Քննարկվում է «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի՝ մահապատժի վերացմանն ուղղված երկրորդ կամընտիր արձանագրությունը» վավերացնելու հարցը։
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանի խոսքով, ՀՀ-ի կողմից կամընտիր համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականին։ Այս պահին արձանագրությունը ստորագրել է 40 պետություն, այն ուժի մեջ է 88 պետության համար:
«Արձանագրությամբ ամրագրվում է, որ կողմ պետության իրավազորության ներքո գտնվող ոչ մի անձ չպետք է ենթարկվի մահապատժի, և յուրաքանչյուր կողմ պետություն պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի՝ իր իրավազորության շրջանակներում մահապատիժը վերացնելու ուղղությամբ»,- ասաց նա։
Ըստ փոխնախարարի, արձանագրության երկրորդ հոդվածի համաձայն ընդունելի չի համարվում որևէ վերապահում, բացառությամբ՝ վավերացման պահին կողմ պետության կողից կատարվող այնպիսի դեպքերին, երբ նախատեսվում է պատերազմի ժամանակ մահապատժի կիրառումը՝ նույն ընթացքում կատարված առանձնապես ծանր զինվորական բնույթի հանցագործությունների համար, որոնք նախատեսված են ներպետական օրենսդրությամբ։
«Նման վերապահում կատարող կողմ պետությունը վավերացման կամ միանալու պահին պիտի հաղորդի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ պատերազմի ժամանակ մահապատիժ կիրառելու օրենսդրության մասին, ինչպես նաև նման դեպքերում պետք է պատշաճ կերպով ծանուցի նման իրավիճակի սկզբի և ավարտի մասին»,- ներկայացրեց Քրիստինե Գրիգորյանը։