ԵԽԽՎ-ն 2021 թվականի հունվարի նստաշրջանը կանցկացնի հիբրիդային տարբերակով
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հաջորդ նստաշրջանը կանցկացվի 2021 թվականի հունվարի 25-ից 28-ը հիբրիդային եղանակով, որը հնարավորություն կտա անդամներին կամ հեռակա մասնակցել աշխատանքնեին, կամ անձամբ՝ ժամանելով Ստրասբուրգ: Այս մասին հայտնում է ԵԽԽՎ կայքը։
Այս ձմեռային նստաշրջանի ընթացքում Վեհաժողովը կընտրի Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալին, վեհաժողովի գլխավոր քարտուղարին և Հունաստանի և Շվեյցարիայի ՄԻԵԴ դատավորներին: Այս ընտրություններն անցկացվելու են անհատական էլեկտրոնային քվեարկությամբ:
Նախարարների կոմիտեի Գերմանիայի նախագահության շրջանակներում Գերմանիայի արտաքին գործերի դաշնային նախարար Հեյկո Մաասը ելույթ կունենա Վեհաժողովում և կպատասխանի հարցերի: Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հանդես կգա հայտարարությամբ և նաև կպատասխանի հարցերի:
Վեհաժողովի քննարկման առանցքում կլինեն Covid-19 պատվաստանյութի վերաբերյալ էթիկական, իրավական և գործնական նկատառումները: Օրակարգի այլ թեմաներ են`Եվրոպայում էթնիկական պրոֆիլավորումը, Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում հասարակական կազմակերպությունների գործունեության սահմանափակումները և քրոնիկ հիվանդություններով անձանց նկատմամբ խտրականությունը: Քննարկումներ կանցկացվեն նաև Լեհաստանում և Մոլդովայի Հանրապետությունում դատավորների անկախության և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վերաբերյալ: Կքննարկվի նաև զեկույց Վրաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:
Վեհաժողովը նաև պետք է որոշի իր դիրքորոշումը Վեհաժողովի Կանոնակարգը փոփոխելու վերաբերյալ՝ որպես Նախարարների կոմիտեի և Խորհրդարանական Վեհաժողովի Լրացուցիչ համատեղ ընթացակարգի մասին 2319 (2020) բանաձևի շարունակության՝ ի պատասխան անդամ պետությունների կողմից իրենց կանոնադրական պարտավորությունների լուրջ խախտումների։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան