Մարկարով. Պոպովի հարցազրույցը ցույց տվեց, որ մոտեցումները սկսել են փոխվել 2018-2019-ին հայաստանյան կողմից
«Այն ընկալումների ու ներկայացումների, որոնք արտացոլում են գտել Փաշինյանի հոդվածի մեջ, և այն իրականության, որը ներկայացվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահի կողմից, միջև կան էական տարբերություններ»,-Panorama.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՌԴ ԱԳՆ կողմից հրապարակած Իգոր Պոպովի հարցազրույցին, իր եզրակացությունը դիվանագիտական լեզվով ներկայացրեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը։
Նա ընդգծում է, որ իրականության ընկալումների մեջ կան արձանագրված տաբերություններ, երկու տարբեր պատկեր։
«Ի՞նչ է դա նշանակում։ Ըստ էության, դա ռուսական կողմի արձագանքն է այն հայտարարությունների, որ ներկայացված են եղել, նաև այն պատմության շարունակությունը, որ Պուտինի համար բարդ ընկալելի է եղել, թե ինչու հայկական կողմը պատերազմի ժամանակ հրաժարվել է այն տարբերակներից, որոնք գուցե ավելի նպաստավոր են եղել, քան այն արդյունքը, որ մենք ստացանք նոյեմբերի 10-ի հայտարարությամբ»,-ասաց քաղաքագետը։
Մարկարովի խոսքով, ռուս դիվանգետի հարցազրույցը ցույց է տալիս, որ կան իրար հետ չհամընկնող ընկալումներ, և ըստ էության համանախագահողը ներկայացնում է այն դրույթը, որ մինչև 2018-19 թվականը եղել է նույն մոտեցումը, իսկ մոտեցումները սկսել են փոխվել արդեն 2018-2019-ին հայաստանյան կողմից։
Նշենք, որ հենց հարցազրույցի սկզբում Պոպովը նշում է, որ ԼՂ խնդրի փուլային կարգավորման վերաբերյալ ռուսական կողմի առաջարկությունների վերջին խմբագրությունը կողմերին է հանձնվել 2019-ի հունիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից։
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունը՝ «Արցախը Հայաստանն է և վերջ։ Միացում» արվեց 2019-ին օգոստոսի 5-ին, այդ առաջարկություններից հետո։
Հիշեցնենք, որ Փաշինյանն իր «44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածում մասնավորապես գրել է. «Ադրբեջանն իր հերթին շարունակում է հայտարարել, որ ԼՂ որեւէ կարգավիճակ Ադրբեջանի կազմից դուրս քննարկելի չէ և ռուսական առաջարկների ի հայտ գալուց հետո ավելի է սրում դիրքորոշումը՝ ԼՂ որևէ կարգավիճակ այս փուլում քննարկելի չէ»։
Պոպովը ՌԴ ԱԳՆ հրապարակած հարցազրույցում ասել է. «Պնդել, որ Ռուսաստանն առաջարկել է վերադարձնել յոթ շրջանները «հենց այնպես», մոռանալ կարգավիճակի մասին ու հանգստանալ, չի համապատասխանում իրականությանը»։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ԱԳՆ-ն ուղղակիորեն մեղադրում է Հայաստանին՝ բանակցությունները տապալելու մեջ. սահմանադրագետ
- Ռուսաստանը երբեք չի առաջարկել Ադրբեջանին հենց այնպես տալ 7 շրջանները՝ մոռանալով ԼՂ կարգավիճակի մասին. ՌԴ ԱԳՆ