Իմ պաշտոնանկության պատճառը հարսանիքը չէր. նախկին ոստիկանապետ
«Ես նոր եմ մտնում պրոցեսի մեջ, իսկ հարցը շատ զգայուն է։ Չեմ ցանկանա ամբողջական տվյալներին չտիրապետելով թյուրընկալումներ ստեղծել։ Այս հարցը ԳՇ-ի հետ ճշտեք, այն չափից ավելի նուրբ թեմա է»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով ժամկետային զինծառայողների ծնողների պահանջին, որ իրենց որդիներն այլևս չպետք է վերադառնան Արցախ։
Նրա խոսքով, իր ունեցած տեղեկություններով խաղաղապահները խոչընդոտ չեն ստեղծել Արցախ գնացած հայ զինծառայողների համար։
«Ես երկրորդ օրն է, որ այս պաշտոնում եմ»,- ասաց նա։
Լրագրողներն էլ հետաքրքրվեցին՝ ինչու է ինքն ազատվել ոստիկանապետի պաշտոնից, որին ի պատասխան Արման Սարգսյանն ասաց՝ ինքը շուրջ 25 տարի ծառայել է ՀՀ ոստիկանությունում։
«Ինձ համար որպես սկզբունք դրված չէր, որ եթե ես եղել եմ ոստիկանության պետ, այլևս չեմ կարող լինել երկրորդ կամ երրորդ դեմք։ Ես այդտեղ որևէ խնդիր չեմ տեսնում, առավելևս այս փուլում։ Ոստիկանապետի և՛ նշանակումը, և՛ պաշտոնավարումը, և՛ ազատումը պայմանավորված է վարչապետի գնահատականից։ Թե ինչ պատճառով է եղել իմ՝ պաշտոնից ազատումը, եկեք չքննարկենք, միգուցե իրադարձությունների համընկում եղավ։ Բայց հարսանիքը չէր պատճառը»,- նկատեց նա։
Հիշեցնենք, որ մամուլը գրում էր, թե Արման Սարգսյանը պաշտոնանկ է արվել, քանի որ արտակարգ դրության պայմաններում, երբ արգելված էին միջոցառումները, վերջինս մասնակցել է ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի որդու հարսանիքին։
Միևնույն ժամանակ Արման Սարգսյանը նշեց, որ իր պաշտոնանկության համար գուցե պատճառ է հանդիսացել կորոնավիրուսի դեմ պայքարում ոստիկանության թերացումները։
«Եկեք իմ տված պատասխանը բավարար համարեք։ Մի բան ասեմ՝ ոստիկանությունն ամեն ինչ արել է, որ համաճարակի հետ կապված խնդիրները լուծվեն։ Որքանով է հաջողվել, պետք է քաղաքացիները գնահատեն»,- նշեց նա։
Ինչ վերաբերու է ՊՆ-ի կապված հարցերին, ապա Արման Սարգսյանը խուսափեց պատասխանել՝ ասելով, որ դեռ չգիտի՝ որ ոլորտն է ինքը համակարգելու, դեռ ծանոթանում է ՊՆ-ում առկա այն խնդիրներին, որոնց լուծմանը կարող է առնչվել իր աշխատանքի ընթացքում։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Արման Սարգսյանին պաշտպանության փոխնախարար նշանակելը մեծ թվով հարցեր է առաջացնում
- Վարչապետն աշխատանքից ազատել է Արտակ Դավթյանին
- Էդուարդ Մարտիրոսյանը՝ ԱԱԾ տնօրեն, իսկ Արման Սարգսյանը՝ ոստիկանապետ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում