Լիա Իվանյան. Հարգենք 1,5 միլիոնի հիշատակը
Ցեղասպանությունից 106 տարի անց էլ թուրքը չի ընդունել հայերի կոտորածը, չի զղջացել, ներողություն չի խնդրել, նյութական ու բարոյական ոչ մի փոխհատուցում չի արել։ Հակառակը, մեկ դար անց կրկին հայտվել է մեր դռանը, այս անգամ դիրքավորվելով որպես տնտեսական շռայլ գործընկեր։ Բայց հո չենք մոռանում, որ դրանից առաջ Ադրբեջանին թև ու թիկունք լինելով՝ բայրաքթարներով 5000 ոսկե հայ տղաների սպանեց։ ՀՀ գործող վարչախումբն էլ կախարդական նոր փայտիկ գտածի խանդավառությամբ ավետում է ապաշրջափակումից ստացվելիք բարիքների մասին։
Հարցը Թուրքիայի ծրագրերը չեն, պետություն է՝ անում է այն, ինչ բխում է իր շահերից։ Խնդիրը մեր հասարակության մեջ է, որը կարծես թե մոռացել է թուրքի իրական բնույթը, և ոմանք հավատում են թուրքի հետ խաղաղ համակեցության հնարավորությանը։ Մի՞թե այն աստիճան ենք կորցրել մեր ինքնապաշտպանական բնազդը, որ մոռացել ենք 1915 թիվը, 1988-ի Սումգայիթի և Բաքվի ջարդերը։ Մի՞թե այնքան շահամոլ ենք դարձել, որ կասկածելի եկամուտների դիմաց ուրանում ենք մեր զոհերին։
80 միլիոնանոց Թուրքիայի և 8 միլիոնանոց Ադրբեջանի միջև մի քանի տարի անց աքցանում սեղմվելու ամենից հնարավոր տարբերակի փոխարեն, եթե այսօր ուշքի գանք, և ամեն չափահաս հայ 1,5 միլիոն անմեղ զոհերից մեկի հիշատակը հարգելու համար ընդդիմանա Հայաստանի թուրքացման ծրագրին, ապա կխուսափենք նոր բնաջնջումից։ Անձամբ ես՝ Գրիգոր Զոհրապի ու Դանիել Վարուժանի հիշատակը չպղծելու համար հայտարարում եմ՝ դեմ եմ այսօրվա ստեղծված վիճակով Թուրքիայի հետ սահմաններ բացելուն։
Թուրքը չի փոխվել, պարզապես այսօր ադրբեջանցու ձեռքով է հայ մորթում։ Որևէ մեկը կարծում է, թե ապաշրջափակումից հետո նրանք գազանից անմեղ գառնուկնե՞րի են վերածվելու։ Ո՛չ, երբե՛ք։ Հենց հակառակի մասին են վկայում ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի արտահերթ զեկույցում բերված ապացույցներն այն մասին, որ «ադրբեջանական սոցցանցերը լի են հայ երեխաների խոշտանգելու, արյունը խմելու կոչերով»։ Ձեր երեխաների ապագան ձեզ չի՞ անհանգստացնում։
Նրանք անթաքույց հայ սպանել են քարոզում, իսկ մեր վայ իշխանավորները խաղասիրություն են քարոզում։ Եվ այդ կեղծ թեզին հավատացողներ էլ կան, ախր։ Լավ, վաղուց պարզ է, որ այս իշխանության մաս կազմող նախարարի կամ պատգամավորի խիղճն ու ամոթը, կրոնն ու հայրենիքը փողն է, որի համար ամեն ինչ կզոհեն և որը ցանկացած աղբյուրից կպոկեն։ Նրանց համար ի՞նչ տարբերություն՝ փողը Սորոսը կտա, թե՞ թուրքը (չնայած Հայաստանի դեպքում երևի նրանք միասնական են)։ Այդ առումով, կեղծիքին նրանց հավատալն ու աջակցելն ինչ-որ տեղ հասկանալի է։
Իսկ երկարաժամկետ ի՞նչ շահի ակնկալիք ունի շարքային հայը։ Պատերազմից, նոյեմբերի 10-ից և հունվարի 11-ից հետո դեռ հավատո՞ւմ են Նիկոլի խոսքին և հերթական մանիպուլյացիային․․․ Եթե այդպես է, դա արդեն միամտություն չէ, այլ լուրջ տկարամտություն։ Պաթոլոգիկ սուտասան Նիկոլին ստերի մեջ արդեն միջազգային կառույցներն ու գործիչներն են սկսել մերկացնել։ Իսկ մեր հասարակության մեջ կան մարդիկ, ովքեր կուլ են տալիս այն խայծը, որ եթե Նիկոլը պատերազմը չդադարեցներ, զոհերն ավելի շատ կլինեին։ Չե՞ն տեսնում այդ մարդիկ, որ անգամ պատերազմի ավարտից հետո է իրենց կուռքը սպասարկում թուրք-ադրբեջանական շահերը։
Էս ինչ մշուշ է պատել մեր համերկրացիներին․․․ Եթե մի ոտքով հեռանալու ճամփին կագնած հայրենադավն իր թիմակիցներին պահում է շանտաժով կամ փողով, ապա ինչ հույսեր են նրա հետ կապում սովորական մարդիկ։ Մարդիկ, ովքեր 2,5 տարի առաջ հպա՜րտ էին, մի-մի վարչապետ էին, իսկ իրականում անդեմ գլխաքանակ են , ով անգամ իր զոհերի քանակը չգիտե հրահարված պատերազմում։ 5000 զոհերի անունները չգիտենք, ինչպես որ չգիտենք 1915-ի միլիոն ու կեսինը։
106 տարի ողջ հայությունը սահմռկեցուցիչ պատմություններ էր լսում Եղեռնը վերապրածներից։
Երևի հատուկենտ վերապրածներ են մնացել, ովքեր հիշեցնում են, որ դեռևս անմեղ նահատակների հոգիներն անհանգիստ են, քանի որ թուրքը առ այսօր չի ապաշխարել։ Հիմա մենք դավաճանում ենք նրանց հիշատակը՝ թույլ տալով օրվա թրքամետ իշխանություններին թուրքին ծախել հայկական հողերը։ Հետևապես, այսօր Նիկոլին սատարող ցանկացած ոք մի անգամ ևս սպանում է 1,5 միլիոն անմեղ նահատակներից մեկին։
Դուրս չի՛ գալու Փոքր Մհերը Ագռավաքարից․․․ մեր հույսը մեզնից յուրաքանչյուրի սթափ գիտակցությունն է։
Լիա Իվանյան
Հարակից հրապարակումներ`
- Լիա Իվանյան. Քաոսի շեմին
- Լիա Իվանյան. Մղձավանջը շարունակվում է
- Լիա Իվանյան. Սերունդներին ի՞նչ ենք ասելու
- Լիա Իվանյան. Պատմության աղճատում
- Լիա Իվանյան. Անտեր պետության դեմքը
- Լիա Իվանյան. Ստախոսների եռյակը