Գերիների հարցը պետք է դառնա երկրորդ փաստաթղթի գործարկման նախապայման. Հայկ Դեմոյան
«Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը և հունվարի 11-ին ստորագրված փաստաթուղթը քաղաքական անոմալիաներ են»,- այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը։
Նրա խոսքով, նոյեմբերի 10-ի հայտարարության դեպքում ՀԱՊԿ անդամ երկու երկրները փաստաթուղթ են ստորագրել ՀԱՊԿ ոչ անդամ պետության հետ, և վերջինս հաղթողի դերում է եղել։
«Երկրորդ փաստաթուղթը ևս անոմալիաների շարքից է, քանի որ ԵԱՏՄ անդամ երկու երկրները համագործակցության պայմանագիր են ստորագրել ԵԱՏՄ-ին չանդամակցող երկրի հետ։ Եվ երրորդ անոմալիան էլ գերիների հարցն է։ Առաջին փաստաթղթում արձանագրվում է՝ պետք է տեղի ունենա գերիների վերադարձ, և հայկական կողմը դա իրականացնում է, իսկ երկրորդ փաստաթղթում արդեն ուրվագծվում են համատեղ գործողություններ՝փոխվարչապետների մակարդակով, խոսվում է կոմունիկացիաների մասին, բայց արի ու տես՝ առաջին փաստաթղթում արձանագրված կետերից մեկը՝ գերիների վերադարձը չի իրագործվել Ադրբեջանի կողմից։ Սա անոմալիա է, քանի որ երբ խոսք է գնում փոխվարչապետների մակարդակով աշխատանքներ իրականացնելու մասին, կարծես թե գերիների հարցը ինքնաբերաբար դուրս է գալիս։ Սա պարզագույն տրամաբանություն է»,- նկատեց նա։
Ըստ Հայկ Դեմոյանի, շատերի, այդ թվում և իր համար անհասկանալի է, թե ինչու ՀՀ ղեկավարը չի կարողացել բարձրացնել և լուծել գերիների վերադարձի հարցը։ Նա նշեց, որ այդ հարցը մեկ րոպեում խոսելու և հանձնարարություններ տալու խնդիր էր։
«Արդյո՞ք այս ձևով Ադրբեջանը փորձում է լրացուցիչ ճնշումներ գործադրելու համար որպես գործիք հենց գերիների հարցը ծառայեցնել։ Կարծում եմ՝ այս հարցը պետք է դիտարկենք՝ դիմելով նաև երրորդ կողմին՝ նրան ներկայացնելով խնդիրը, և ասելով, որ ստորագրված երկու փաստաթղթերը խախտվում են։ Ես այլ բարդություն չեմ տեսնում, եթե իհարկե գերիների հետ կապված չկան բանավոր պայմանավորվածություններ»,- ասաց պատաբանը։
Նա նաև հարց հնչեցրեց, թե ո՞վ է պատասխանելու Ադրբեջանի քարոզչական, էյֆորիկ գրոհին։
«Կա՞ արդյոք ՀՀ-ում որևէ մարմին, օղակ, որը գոնե կարձագանքի Բաքվի կողմից ամեն օր հրապարակ նետված տեղեկատվական ռումբերին։ Բացի այդ, պետք է նաև հստակ գծվի Հայաստանի կարմիր գծերը։ Առաջինը գերիների հարցն է, ընդ որում, գերիների հարցը, առանց վախենալու, պետք է որպես կարևոր նախապայման դրվի։ Եթե ստորագրվել է երկրորդ փաստաթուղթը, ապա ավտոմատ կերպով գերիների հարցը պետք է դառնա որպես նախապայման։ Եթե այս հարցը չի լուծվում, մենք առկախում ենք հետագա գործողությունները։ Իմաստ չկա ստեղծել հանձնաժողովներ, երբ չի լուծվում պարզ մարդասիրական հարցերից մեկը»,- ասաց նա։
Հայկ Դեմոյանի խոսքով, հայկական կողմի երկրորդ կարմիր գիծն էլ պետք է լինի փախստականների հարցը, քանի որ վերջիններիս վերադարձը չի կարող միակողմանի լինել։
Նա նկատեց՝ այսօր Հեյդար Ալիևի ժառանգին քիչ է հետաքրքրում, թե որքան փախստական կվերադառնա Արցախ. ցուցադրական մի քանի գյուղեր կվերականգնեն, կբնակեցնեն՝ որպես քարոզչական քայլ։
«Մյուս գիծը այն է, որ մենք Ադրբեջանի կողմից պետք է տեսնենք ոչ ռազմամոլ դիրքորոշում։ Եթե շարունակվում են հայատյաց հայտարարությունները, ապա մենք չենք կարող համագործակցել մեր այդ հարևանի հետ։ Այդ ատելության մասին մենք պետք է ներկայացնենք ռուսական կողմին։ Մյուս կարևոր հարցն էլ այն է, որ տրանսպորտային ապաշրջափակման պայմաններում Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման դեպքում պետք է բարձրացնել Երևան-Ստեփանակերտ ամենօրյա թռիչքների հարցը»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է ներկա իշխանությունների պահվածքին, ապա Հայկ Դեմոյանը նշեց, որ քաղաքական ամլության խորհրդանշան է վերջիններիս պահվածքը, երբ նրանք խոսում են ապաշրջափակման կարևորության մասին, բայց նաև նշում են, որ այս փուլում գերիների հարցը լուծել չի հաջողվել։
Ըստ նրա, եթե այսօրվա իշխանությունները չեն կարող ապահովել ՀՀ քաղաքացիների անվտանգությունն ու վերադարձը ՀՀ, ապա դա համար մեկ ցուցիչ է, որ հետագա գործողություններում ևս անկարող է լինելու իշխանությունը։
Հարակից հրապարակումներ`
- Ռազմագերիների առումով նորություն չկա․ Լիլիթ Մակունց
- Հայաստանն ամենաբարձր մակարդակով հետապնդում է ռազմագերիների վերադարձման խնդիրները․ Արա Այվազյան
- ՄԻՊ արտահերթ զեկույցը վերաբերում է Ադրբեջանում գերիների նկատմամբ վերաբերմունքին
- Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները քննարկել են հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցը
- Եթե ռազմագերիների հարցը լուծել չի ստացվել, ուրեմն՝ ոչինչ չպետք է ստորագրվեր․ Արամ Վարդևանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան