Բարձր մակարդակի բանակցություններում հանիրավի չի քննարկվում գերիների հարցը. ԸԿՆԲԿ
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»-ն (ԸԿՆԲԿ) հայտարարություն է տարածել Ադրբեջանում գերության մեջ գտնվող Մարալ Նաջարյանի և այլ գերիների վերաբերյալ։
Հայտարարության մեջ ասված է.
«Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմական գործողությունների հետևանքով, ի թիվս այլնի, շարունակում է չլուծված մնալ Ադրբեջանում գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիներին ու նրանց իրավունքներին վերաբերող հարցերը։
2020 թվականի նոյեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարված ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին եռակողմ հայտարարության[1] 8-րդ կետով հստակ սահմանվում է, որ «Տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում»։ Չնայած նշվածի՝ Ադրբեջանում դեռևս շարունակում են գերության մեջ մնալ ՀՀ քաղաքացիներ։
Ավելին, հրադադարի հայտարարության ստորագրումից հետո անգամ շարունակվում են գերեվարվել քաղաքացիական անձինք։ Նշված դեպքերից մեկով՝ նոյեմբերի 10-ին գերեվարվել է Մարալ Նաջարյանը, ով գտնվում է Բաքվի բանտում։ Ասվածը հաստատվել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից[2]։ Իր հերթին, Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի տրամադրած տեղեկատվության[3] համաձայն՝ Ադրբեջանում է գտնվում առնվազն 4 կին գերի։
Չնայած բոլոր գերիների վերադարձի կամ ազատ արձակման հրամայականին՝ բարձր մակարդակի բանակցություններում հանիրավի չի քննարկվում գերիների հարցը, և Փաշինյան-Պուտին-Ալիև ձևաչափում մարդու իրավունքները շարունակվում են ստորադասվել ճանապարհային հանգույցների ապաշրջափակման խնդրին, ինչն ուղղակիորեն անընունելի է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանման տեսանկյունից։
Հարկ է նկատել, որ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով կարգավորվում են պատերազմի ժամանակ գործող պատերազմի իրավունքը (jus in bello)։ Սա միջազգային իրավունքի այն ճյուղն է, որը ձգտում է սահմանափակել զինված ընդհարման ազդեցությունը՝ պաշտպանելով նաև այն անձանց, ովքեր չեն մասնակցում ռազմական գործողություններին։ Այս առումով՝ կարևոր է ընդգծել 1949 թվականի օգոստոսի 12-ին ընդունված երկու՝ «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևի երրորդ կոնվենցիայի (Ժնևի երրորդ կոնվենցիա) և «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնևի չորրորդ կոնվենցիայի (Ժնևի չորրորդ կոնվենցիա) կարգավորումները։
Նշված կոնվենցիաները ոչ միայն անդրադառնում են բոլոր հանգամանքներում և առանց որևէ խտրականության անձանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի պահպանմանը, այլև հատուկ կարգավորումներ են պարունակում պատերազմական իրավիճակներում հայտնված կանանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից։
Ժնևի երրորդ կոնվենցիայի 14-րդ հոդվածով ամրագրված է կանանց նկատմամբ հարգանքի և արժանապատիվ վերաբերմունքի սկզբունքը։ Ժնևի չորրորդ կոնվենցիայի 27-րդ հոդվածով սահմանվում է, որ «Կանայք պետք է հատկապես պաշտպանված լինեն իրենց պատվի դեմ կատարվող ցանկացած ոտնձգությունից, մասնավորապես՝ բռնաբարությունից, բռնի մարմնավաճառությունից կամ անպարկեշտ հարձակման ցանկացած ձևից»։
Միաժամանակ, Ժնևի երրորդ կոնվենցիայի 25-րդ հոդվածով սահմանվում է, որ «Այն ճամբարներում, որտեղ տղամարդկանց կողքին գտնվում են ռազմագերի կանայք, նրանք պետք է ապահովված լինեն առանձին ննջասենյակներով»։ Նույն կոնվենցիայով նաև նախատեսվում է ռազմագերիների առողջության պահպանման, ինչպես նաև հիգիենիկ միջավայրի ապահովման կանոնները, իսկ բոլոր այն ճամբարներում, որտեղ պահվում են ռազմագերի կանայք, նրանց համար պետք է տրամադրվեն հիգիենիկ միջավայրի պահմանման համար առանձին հարմարություններ:
Իր հերթին, 1974 թվականի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «Արտակարգ իրավիճակներում և զինված բախումներում կանանց և երեխաների պաշտպանության մասին» հատուկ հռչակագիրը ևս սահմանում է, որ պետք է ձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ քայլերը` ապահովելու այնպիսի միջոցառումների արգելումը, ինչպիսին են կանանց նկատմամբ հետապնդումները, խոշտանգումները, պատժիչ միջոցառումները, ստորացուցիչ վերաբերմունքն ու բռնությունը։
Հիմք ընդունելով Արցախի Հանրապետությում շարունակվող լայնամասշտաբ պատերազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի կողմից դրսևորված առանձնակի դաժանության դեպքերը, Ադրբեջանում պարբերաբար շարունակվող հայատյացության քաղաքականությունն ու ռազմագերիների նկատմամբ ծայրաստիճան դաժան վերաբերմունքը՝ անհրաժեշտ ենք համարում գործուն քայլեր ձեռնարկել բացառելու գերեվարված բոլոր անձանց նկատմամբ հնարավոր իրավունքների խախտման դեպքերը։
Ելնելով վերոգրյալից՝ պահանջում ենք.
Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցներից՝ երաշխավորել իրենց մանդատի և միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում ամրագրված մարդու իրավունքների պաշտպանությունը՝ ապահովելով կին գերիների պահման պատշաճ պայմանները, այդ թվում՝ սեռական և ֆիզիկական բռնությունից զերծ լինելու իրավունքի պաշտպանությունը։
ՀՀ կառավարությունից՝ գործուն քայլեր իրականացնել՝ գերիների վերադարձի գործընթացի ուղղությամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Չպետք է թույլ տանք, որ Ադրբեջանը քաղաքականացնի գերիների հարցը. ՄԻՊ
- Գերիների հարցը պետք է դառնա երկրորդ փաստաթղթի գործարկման նախապայման. Հայկ Դեմոյան
- Ռազմագերիների առումով նորություն չկա․ Լիլիթ Մակունց
- Հայաստանն ամենաբարձր մակարդակով հետապնդում է ռազմագերիների վերադարձման խնդիրները․ Արա Այվազյան
- ՄԻՊ արտահերթ զեկույցը վերաբերում է Ադրբեջանում գերիների նկատմամբ վերաբերմունքին
- Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները քննարկել են հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցը
- Եթե ռազմագերիների հարցը լուծել չի ստացվել, ուրեմն՝ ոչինչ չպետք է ստորագրվեր․ Արամ Վարդևանյան
- Փաշինյանին չհաջողվեց լուծել գերիների հարցը, բայց նա լուծեց գերեվարված հայրենիքի հարցը. Սրապիոնյան
- Ադրբեջանը գերիների վերադարձն անընդհատ ձգձգում է հայ ժողովրդին հոգեկան տառապանքներ պատճառելու համար. ՄԻՊ
- Միքայել Մինասյան. Ինչո՞ւ պետք է Իլհամը Նիկոլին վերադարձներ 115 գերի
- Գերիների վերադարձը կամ ազատ արձակումն անկախ է քաղաքական որևէ գործընթացից. ՄԻՊ
- Խստորեն դատապարտում ենք հայ ռազմագերիների հանդեպ Ադրբեջանի կողմից քրեական հետապնդման նախաձեռնումը. ՀՀ ԱԳՆ
- Իմ տեղեկություններով՝ Բաքվում պահվում են ավելի քան 115 հայ ռազմագերիներ. Միքայել Մինասյան
- Ալիևը հայտարարել է, որ նոյեմբերի 9-ից հետո գերի ընկածներն ահաբեկիչներ են և նրանց չի վերադարձնի. Նարեկ Մալյան
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին