Անձնական մեքենան վարելու ընթացքում ծխելու համար առաջարկվում է կիրառել 0.5 տուգանային միավոր
Մեկնարկել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։
Քննարկվում է «Վարչական իրավախախտումների» վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը։
ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանի խոսքով, օրենքի նախագիծը նպատակ ունի ապահովել ճանապարհային երթևեկութան (ՃԵ) ոլորտում կատարվող իրավախախտումների համար կիրառվող տուգանային միավորների համակարգի ամբողջական և պատշաճ գործարկումը, կանխարգելել ՃԵ կանոնների հնարավոր խախտումները՝ վարելու իրավունք չունեցող մարդկանց կողմից, ինչպես նաև կանխարգելել չարամտորեն կատարվող խախտումների դեպքում պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը։շ
«Առաջարկում ենք ՃՈ ճանապարհապարեկային ծառայողների կողմից արձանագրվող խախտումների համար տուգանային միավորների համակարգի կիրառումը հետաձգել մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը։ Մինչ այդ տուգանային միավոր սահմանվելու է միայն տեսանկարահանող սարքերի կողմից խախտումներ արձանագրելու դեպքում»,- ներկայացրեց Արա Ֆիդանյանը։
Նշենք, որ ըստ օրենքի նախագծի՝ վարելիս ծխելու դեպքում վարորդին տրվում է մեկ տուգանային միավոր, իսկ մայթում կայանելու համար՝ կես միավոր։
Ծխելու դեպքերի հետ կապված խստացումը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի կարծիքով ծայրահեղ է։
Սակայն, փոխոստիկանապետը նշեց, որ վարչական պատասխանատվությունը մինչ օրս նախատեսված էր միայն հանրային տրանսպորտի վարորդների համար, իսկ այս դեպքում ուղղակի առաջարկվում է, որ օրենքի այդ կետը վերաբերի նաև անձնական մեքենայում ծխող վարորդներին։
«Ինչ վերաբերում է՝ այն խիստ է, թե ոչ։ Կարծում ենք՝ ոչ։ Բազմաթիվ են դեպքերը, երբ վարորդի կողմից ծխելու հետևանքով լինում են ՃՏՊ-ներ, որոնք հաճախ նաև անդառնալի կորուստների են բերում»,- նկատեց նա։
Գևորգ Գորգիսյանն էլ բանավոր առաջարկեց, որ ծխելու համար նախատեսվող տուգանային բալը դարձվի 0.5, կամ ընդհանրապես հանվի, և առաջին փուլում միայն ֆինանսական տույժ սահմանել։
Փոխոստիկանապետը նշեց, որ առաջարկն ընդունելի է։
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ներկայացված օրենքի նախագծին։