Շվեդիան ԵԱՀԿ-ում իր նախագահության գերակայություններից է համարում ԼՂ հակամարտության լուծումը
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն նախօրեին ԵԱՀԿ Մշտական խորհրդին է ներկայացրել Շվեդիայի 2021 թվականի գերակայությունները՝ առաջիկա տարվա ընթացքում Շվեդիայի նախագահության շրջանակներում, որպեսզի «ԵԱՀԿ-ն կարողանա իրական փոփոխություն մտցնել տեղում և պաշտպանել այն հիմնադրույթները, որոնց վրա հիմնադրվել է Կազմակերպությունը»: Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ կայքից։
«Մի իրավիճակում, երբ բազմակողմ համագործակցությունն ու միջազգային իրավունքը ավելի ու ավելի են վիճարկվում, և կասկածի տակ են դրվում անվտանգության ամրապնդման համար մեր համաձայնագրերն ու գործիքները, մենք պետք է ինքներս մեզ հիշեցնենք, թե ինչու ենք դրանք ստեղծել առաջին հերթին։ Շվեդիան համոզված է, որ բազմակողմ համագործակցությունը մեր ընդհանուր մարտահրավերները լուծելու լավագույն միջոցն է», - ասել է Անն Լինդեն՝ Մշտական խորհրդին ուղղված իր վիրտուալ ուղերձում։
Անն Լինդեն Շվեդիայի Նախագահության առաջնահերթություններում է ներառել ԵԱՀԿ տարածքում հակամարտությունների լուծումները։
«Հակամարտությունների լուծման ջանքերը ԵԱՀԿ տարածքում լինելու են առաջնային գերակայություն»,-ասել է Լինդեն, նշելով ընթացող հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ, Ուկրաինայում, Մոլդովայում, Վրաստանում և Բելառուսում։
«Միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող սպառնալիքները, ինչպես նաև հակամարտությունների պատճառած տառապանքներն ուղղակի անընդունելի են։ Ուստի մենք պետք է մեր օրակարգում պահենք մեր տարածաշրջանում առկա հակամարտությունների լուծումը», - ասել է Լինդեն:
Լինդեն կոչ է արել հարգել միջազգային իրավունքը բոլոր հակամարտություններում և աջակցել մարդասիրական հետևանքները մեղմելուն և ներառական մոտեցում պաշտպանելու միջոցներին: Նախագահությունը պատրաստ է անմիջականորեն համագործակցել շահագրգիռ կողմերի հետ:
Լինդեն նաև նշել է, որ ամբողջ տարածաշրջանում համապարփակ անվտանգության հասնելը պահանջում է կանանց իմաստալից ընդգրկում ու հավելել, որ հատուկ շեշտը դնելու է կազմակերպության աշխատանքի բոլոր ասպեկտներում գենդերային հավասարության ամրապնդման վրա: