Թուրքիան Ռուսաստանի հետ կքննարկի «S-400»-ների մատակարարման հարցը
Թուրքիան Ռուսաստանի հետ բանակցություններում կքննարկի հունվարի վերջին «S-400» զենիթահրթիռային համալիրների երկրորդ գնդի մատակարարման հարցը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Թայիփ Էրդողանի խոսքը:
«Ոչ մի երկիր չի որոշի մեր քայլերը ազգային պաշտպանության ոլորտում, դրանք ամբողջովին կախված են մեր սեփական որոշումներից: Առաջին S-400 գնդի հարցը լուծված է, այժմ աշխատանքները շարունակվում են երկրորդ խմբաքանակի հարցի շուրջ: Ամսվա վերջին մենք բանակցություններ կունենանք Ռուսաստանի հետ, և ի թիվս այլ թեմաների, մենք անշուշտ կքննարկենք այս հարցը», - Ստամբուլում լրագրողներին ասել է Էրդողանը:
Նա ավելացրել է, որ ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունից հետո «S-400»-ի հետ կապված խնդիրների քննարկումը կշարունակվի ամերիկյան նոր ղեկավարության հետ:
«Ես չգիտեմ, թե ինչ կասի Բայդենը, բայց ամեն դեպքում մենք ոչ ոքի թույլտվությանը չենք սպասում», - ասել է Թուրքիայի ղեկավարը:
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանի ԱԳՆ-ն ճնշում է տեսնում Վաշինգտոնի կողմից՝ Անկարայից գնելու ռուսական С-400-ները
- Թուրք օգտատերերի արձագանքը՝ ռուսների հետ S-500-ների համատեղ արտադրության թեմային