Դա ինչ է չեմ հասկանում՝ դավաճանություն, թե՞ անխելքություն․ Վազգեն Մանուկյան
«Պատերազմի ընթացքում մենք պաշտպանված չէինք, քանի որ հիմարություն ենք արել զենք գնելիս՝ չէինք պատրաստվել զենք գնելիս», - այս մասին Գյումրիի «Արագած» մարզամշակութային կենտրոնում գյումրեցիների հետ հանդիպման ընթացքում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։
«Պատերազմից անցավ մի քանի օր զինվորական ղեկավարությունը եկավ այն եզրակացության, որ պետք է ամեն ինչ անել՝ պատերազմը կանգնեցնելու և բանակցությունների գնալու համար։ Ինչպես դա արվեց քառօրյա պատերազմի ընթացքում, երբ Ադրբեջանը նահանջեց և Մոսկվայի միջոցով կանգնեցրեց պատերազմը։
Ոչ մի ձևով պատերազմը չկանգնեցվեց։ Եթե պատերազմը կանգնեցվեր, ապա մի քանի հազար զոհ չէինք ունենա և տարածքների զգալի մասը մեր ձեռքում կմնար։ Դա ինչ է չեմ հասկանում՝ դավաճանություն է, թե՞ անխելքություն։ Կամ դա հիմարություն է, կամ՝ պետական մտածելակերպ չունենալ կամ դավաճանություն, ընտրեք որն ուզում եք։ Այդպիսի մարդը կարո՞ղ է մնալ պետության ղեկավար»,- ասաց Մանուկյանն ու անդրադարձավ հանդիպման նպատակին․
«4,5 հազար զոհ, 10-15 հազար վիրավոր, Արցախի տարածքի մեծ մասը կորած, Հայաստանը սեղմվում է, սահմանները անընդհատ առաջ են գալիս, արհամարհանք բոլորի կողմից հայերի նկատմամբ, ներքին տագնապ, ներքին անբավարարվածություն, կորուստներ նաև նյութական: Կորցրել ենք 100 հազար հա վարելահող, 315 հազար խոտհարք, 15 խոշոր հանքեր, միլիարդ դոլարի զենք, ինքնավստահություն: Հարց է առաջանում, միթե սա անխուսափելի էր»: