ԱՄՆ-Իրան հարաբերություններում սրությունը Պոմպեոն ուզում է փոխանցել նոր վարչակազմին
Մայք Պոմպեոն, որը շուտով հրաժեշտ կտա ԱՄՆ պետքարուղարի իր պաշտոնին, ասում է, թե Իրանն այժմ դարձել է ալ Քաիդա ահաբեկչական խմբավորման հենակետ: Պետքարտուղարի պաշտոնում անցած երեք տարիների ընթացքում Իրանը հաճախ է եղել նրա ուշադրության կենտրոնում: Այդ քաղաքականությունը նա շարունակում է վարել մինչև պաշտոնավարման վերջին օրը:
«Ալ Քաիդան Իրանում գործում է այս երկրի վարչակարգի ամուր վահանի ներքո»,- հայտարարում է նա ու Իրանը համեմատում Աֆղանստանի հետ, որը, ասում է նա, ապահով ապաստան էր տալիս ահաբեկչական այդ ցանցին: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Մեծաթիվ վերլուծաբաններ են ասում, որ այո, կա դաշինք Իրանի ու ալ Քաիդայի միջև, սակայն Իրանը հենակետ չի եղել այս խմբավորման համար:
Շատ այլ փորձագետներ կարծում են, որ վերջին օրերին Պոմպեոյի այս ավելի սաստկացող խոսքերի նպատակը Իրանի հետ լեզու գտնելու նոր վարչակազմի հնարավորությունները կրճատելն է: Չէ որ Ջո Բայդընը հայտարարել է, որ իր նպատակը ԱՄՆ-ը նորից Իրանի հետ կնքված միջուկային միջազգային գործարքի անդամ դարձնելն է: Իրանի հետ միջուկային գործարքը լիովին ոչնչացնելը պարզապես անհնար է, ասում են փորձագետներից շատերը:
Ուրեմն հարկավոր է սպասել ու հուսալ, որ Ջո Բայդընը կկատարի իր տված խոստումը և Միացյալ Նահանգները հետ կբերի դեպի միջազգային պայմանագիր, որից Թրամփն ԱՄՆ-ը դուրս էր բերել միակողմանիորեն: Խոսքը հիմա այն մասին է, թե ինչ պատասխան քայլեր է պատրաստ կատարել Թեհրանը, որն այնքան շատ է կորցրել վստահությունը Վաշինգտոնի նկատմամբ: