«Հրապարակ». Արտաշես Թորոսյանը նշանակվել է ԿԶՆԱԿ-ի տնօրեն
«Հրապարակ» թերթը գրում է. «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության փորձագետ Արտաշես Թորոսյանը, որը նախկինում թիվ 198 դպրոցի տնօրենն էր և տեղափոխվել էր ԿԳՄՍՆ, որպեսզի հետագայում հանրակրթության վարչության պետ նշանակվեր, դեկտեմբերի 30-ին նշանակվել է Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
Հիշեցնենք, որ Թորոսյանը մեկ անգամ մասնակցել էր հանրակրթության վարչության պետի մրցույթին, սակայն կտրվել էր գրավոր քննությունից և, փաստորեն, հիմա էլ նշանակվել է ԿԶՆԱԿ-ի տնօրեն, որի ենթակայության ներքո են Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը, «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամը։
Մեզ հետ զրույցում Թորոսյանը հաստատեց իր նշանակման մասին լուրը, ասաց, որ տնօրենի մրցույթ դեռևս չի հայտարարվել, բայց հայտարարելու դեպքում մասնակցելու է։ Եվ ասաց, որ հանրակրթության վարչությունում փորձագետի աշխատանքային պայմանագիրը լրացել է դեկտեմբերի 30-ին։
Նշենք նաև, որ հանրակրթության վարչությունը, որը ԿԳՄՍ նախարարության ամենամեծ բովանդակային ստորաբաժանումն է, կես տարուց ավելի է՝ պետ չունի։ Նրանք, ում առաջարկվում է այս պաշտոնը, հրաժարվում են, և համաձայնող համապատասխան թեկնածու չեն կարողանում գտնել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում