Վազգեն Մանուկյան. Ապացուցված եմ համարում, որ Շուշին ոչ թե գրավել են ադրբեջանցիները, այլ տվել են մերոնք
«Պատերազմը կարելի էր կանխել։ Երկրորդ, եթե մեր բանակը պատրաստված լիներ, այդ ամուր դիրքերը մենք կկարողանայինք պահել։ Նույնիսկ այդ աննպաստ պայմաններում եթե հիմար հրամաններ չլինեին, եթե կարգ ու կանոն լիներ, աշխատանքները ճիշտ կազմակերպվեին, մենք այդքան կորուստներ չէինք ունենա»,- Լոռու մարզկենտրոն Վանաձորում քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարեց Հանուն հայրենիքի փրկության շարժման կողմից վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։
Նրա խոսքով, այս հայտարարություններն ու պնդումները ապացուցված բաներ են։
«Սրանք կարող ենք համարել ապացուցված արտասահմանցի ու հայաստանցի նախկին ու ներկա պաշտոնյաների, պատերազմի մասնակիցների հայտարարություններից դատելով»,- ասաց նա։
Վազգեն Մանուկյանն ապացուցված է համարում նաև այն, որ հնարավոր էր պատերազմը կանգնեցնել ավելի շուտ ու ավելի քիչ կարուստներով, առաջարկություններ եղել են։
«Ապացուցված եմ համարում, որ Շուշին ոչ թե գրավել են ադրբեջանցիները, այլ տվել են մերոնք։ Բանականության պակասի՞, թե հիմարության պատճառով, դա առանձին հարց է»,- ասաց նա։
Նախկին վարչապետի խոսքով, նույնիսկ նման վատ վիճակում նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստը կարող էր լինել ավելի լավը։
«Զգացվում է, որ հայկական կողմը որևէ կերպ չի բանակցել այդ փաստաթուղթը լավացնելու համար։ Ավելին, սա էլ ոչ թե ապացուցված է, այլ իմ անձնական կարծիքը, հետևելով պաշտոնական ու ոչ պաշտոնական տեղեկատվության, նոյեմբերի 8-ին ու 9-ին ադրբեջանական կողմն էլ կարիք ուներ դադարի, քանի որ երկրի ներսում կար լուրջ դժգոհություն։ Այսինքն՝ մենք կարող էինք առևտուր անել»,- նշեց նա։
Մանուկյանը ցավով նշեց՝ մենք պարտության վրա ավելի շատ մարդ ենք կորցրել, քան հաղթանակի դեպքում, այսօր կան բազմաթիվ գերիներ Ադրբեջանում, կորցրել ենք բանակը, միլիարդ դոլարից ավելի զենք ու զինամթերք, ունենք հսկայական տնտեսական կորուստներ՝ էներգիայի աղբյուրներ, հողատարածքներ։
«Նույնսիկ փաստաթուղթը ստորագրելուց հետո մեր պարտությունը շարունակվում է»,- ասաց Վ. Մանուկյանը՝ հիշեցնելով, որ Ն. Փաշինյանի հրամանով զորքը հետ է քաշվել, կանգնած է Սյունիքում։
Նա նշեց, GPS-ով սահմաններ են գծվում, ինչի հետևանքով նույնիսկ պատերազմից հետո փորքանում է Հայաստանը։
«Եվ սա շարունակվում է»,- ասաց Մանուկյանը։
Հանդիպման ուղիղ կարող եք հետևել 168.am-ի հեռարձակմամբ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան