Իշխան Սաղաթելյան. Համակերպվելո՞ւ ենք այս իրավիճակին, թե ոչ
Հանուն հայրենիքի փրկության շարժման կողմից վարչապետի միասնական թեկնածու առաջադրված Վազգեն Մանուկյանի ու շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հանդիպումը վանաձորցիների հետ մեկնարկեց տերունական աղոթքով։
Ողջույնի խոսքում Իշխան Սաղթելյանը վանաձորցիներին շնորհակալություն հայտնեց ընդունելության համար, ասաց՝ նման մարզային այցելությունները նպատակ ունեն մարդկանց ներկայացնել երկրում ստեղծված իրավիճակը, ծանոթացնել շարժման ծրագրերին, ապա ըստ այդմ պլանավորել հետագա պայքարը։
Դաշնակցական գործիչն ընդգծեց՝ 2018-ին իշխանության եկած մի խումբ մարդիկ ամենօրյա կազմակերպված ու գիտակցված աշխատանքով 2.5 տարվա ընթացքում քայքայեցին հայկական բանակը, թուլացրեցին ազգային դիմադրողականությունը, երկիրը կանգնեցրեցին պատերազմի առաջ, պատերազմից առաջ ու պատերազմի ողջ ընթացքում ցուցաբերեցին անգործություն, դավաճանություն, պառակտեցին, ջլատեցին հասարակությանը։
Նա հիշեցրեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից անմիջապես հետո շարժման մասնակից ուժերը հայտարարել են՝ Նիկոլ Փաշինյանի՝ մեկ օր ավելի աթոռին մնալը վտանգավոր է մեր պետության համար, հետագայում յուրաքանչյուր օր համոզվել են։
«Այս մարդը կառչել է աթոռից ու մեր երկիրը տանում է կործանման»,- ասաց Սաղաթելյանը։
Շարժման համակարգողը ներկայացրեց՝ իրենք առաջարկել են ճանապարհային քարտեղ, իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է Փաշինյանը հրաժարական տա, ձևավորվի անցումային կառավարություն, որը առաջիկայում պետք է լուծի երկրի համար կարևոր խնդիրներ։
«Այդ կառավարությունը պետք է լինի պրոֆեսիոնալների կառավարություն։ Այն շատ արագ պետք է ձեռնամուխ լինի վերականգնելու մեր հարաբերությունները ռազմավարական դաշնակիցների, բարեկամների հետ, պետք է սկսի պետական համակարգի ստեղծումը, քանի որ այս մարդը քանդում է պետական համակարգը»,- նշեց նա։
Սաղաթելյանն ընդգծեց, այս կառավարության պաշտոնավարման դեպքում շատ կարճ ժամանակ անց սպառնում է սոցիալ-տնտեսական աղետ, տնտեսությունը փլուզվելու է։
«Այս մարդը հանուն իր աթոռի մեր երկիրը տանելու է վերջնական կործանման։ Հիմա մեր խնդիրն է՝ համակերպվելո՞ւ ենք այս իրավիճակին, թե ոչ»,- նշեց նա ու ներկաներին ներկայացրեց վարչապետի միասնական թեկնածու առաջադրված Վազգեն Մանուկյանին։
Սաղաթելյանը հիշեցրեց, Մանուկյանը լինելու է անցումային կառավարության ղեկավարը, չի առաջադրվելու հաջորդ ընտրություններին։
Հանդիպման ուղիղ կարող եք հետևել 168.am-ի հեռարձակմամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին