ԵՊՀ-ականները նախաձեռնել են զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնելու և զոհվածների ընտանիքներին աջակցելու շարժում
Համալսարանականները նախաձեռնել են զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնելու և զոհվածների ընտանիքներին աջակցելու շարժում։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը։
«Հիմա մենք չունենք պետություն, որ կզբաղվեր այս հարցով: Շնորհակալություն, որ Համալսարանում հասկացան` զոհված տղաների ընտանիքների կյանքն իմաստավորել է պետք, զոհված տղաների սխրանքը պատմության համար արձանագրել է պետք, զոհված տղաների գործի ու նրանց երազանքների մասին պատմել է պետք: Զոհվածների ընտանիքներն ու հայ հասարակությունը, ապագա սերունդները պետք է իմանան, որ տղաներն իրենց կյանքն անիմաստ չեն զոհաբերել, տղաներն իրենց կյանքը զոհաբերել են, որ հայ ժողովուրդը կառուցի այն պետությունը, որի մասին իրենք են երազել:
Մենք բոլորս պարտք ունենք զոհված տղաների և նրանց ընտանիքների առջև: Մեր պարտքի անունն է` ուղղել մեր պետության մեջքը, վերականգնել պատիվն ու արժանապատվությունը, ստեղծել երազանքի Հայրենիքը: Այն Հայրենիքը, որի համար տղաները զոհվեցին: Հայերի կյանքն իմաստավորելու այլ տարբերակ մենք ուղղակի չունենք: Այս նախաձեռնության հեղինակները համալսարանական կամավորականներն են, որ պատերազմի առաջին իսկ ժամերից մեկնեցին Արցախ: Տղաներին ես հանդիպել եմ հոկտմեբերի 1-ին Ստեփանակերտում, երբ զենք էին ստանում, որ շարժվեն հյուսիսային ուղղությամբ: Պատերազմի ընթացքում Վահագն Վարագյանի հետ խոսել ենք մի քանի անգամ` հեռախոսով, շատ կարճ: Տղաները ռազմաճակատում էին հաղթելու համար, հավատում էին, որ հաղթանակը մերն է լինելու: Ցավոք, պատերազմը հայերի համար ավարտվեց ողբերգական հետևանքներով: Պատերազմն ավարտվեց ողբերգությամբ, որովհետև օրվա իշխանությունը դավաճան և ապաշնորհ ստահակների խմբակն էր:
Համալսարանական կամավորներից Գևորգ Արշակյանը զոհվեց պատերազմի վերջին օրերին` Շուշիի մատույցներում: Գևորգն այս նախաձեռնության հեղինակների ընկերն է, մարտական ընկերն է: Որևէ մեկը կասկած չունի, որ եթե Գևորգը չզոհվեր, ինքն անձամբ էր նախաձեռնելու այս շարժումը: Հանուն Գևորգի հիշատակի հավերժացման, հանուն Գևորգի գործի շարունակության, հանուն Գևորգի գործի ապրեցման` պետք է նեցուկ լինենք զոհվածների ընտանիքներին, պետք է շարունակենք Գևորգի և մյուս զոհված տղաների կյանքի գործը: Ոչ մեկը չպետք է մոռացվի, ոչ մեկը: Ոչ մեկի երազանքը չպետք է անէանա: Ես նույնպես միանում եմ այս նախաձեռնությանը` համարելով, որ սա այն ամենաքիչն է, որ ես կարող եմ անել զոհվածների ընտանիքների և զոհված տղաների հիշատակի ու գործի համար»,-գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին