Հակակոռուպցիոն մարմնի ղեկավարին պետք է ընտրի խորհրդարանը, այլ ոչ՝ գործադիրի ղեկավարը. Մարուքյան
«Մենք կարծում ենք, որ պետք է լինի մեկ քննչական կոմիտե, որտեղ ներառված կլինեն բոլոր քննչական մարմինները»,- այսօր խորհրդարանում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով, քանի որ չստացվեց անկախ քննչական մարմին ստեղծել, իրենք հիմա առաջարկում են, որ ստեղծվելիք Հակակոռուպցիոն քննչական մարմնի ղեկավարին նշանակի ոչ թե գործադիրի ղեկավարը, այլ, որ խորհրդարանը ընտրի նրան՝ համապատասխան գլխադասային հանձնաժողովի միջոցով։
«Դա հավելյալ լեգիտիմություն ու անկախություն կտա այդ մարմնին, և վաղը մենք կխուսափենք տարատեսակ կասկածներից։ Եթե հիմա այդ հանձնաժողովի նախագաին ընտրի գործադիրի ղեկավարը, իսկ հիմնական կոռուպցիոն երևույթներն էլ գործադիրում են լինում, մարմնի աշխատանքի անաչառությունը կասկածի տակ կդրվի։ Կստացվի, որ ծածկադմփոց է արվում»,- ասաց նա։
Պատգամավորը տեղեկացրեց, որ նշված բանավոր առաջարկն իրենք գրավոր եղանակով ևս ներկայացնելու են։
Հիշեցնենք, որ խորհրդարանը քննարկում է Հակակոռուպցիոն կոմիտեի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է ստեղծել նոր՝ Հակակոռուպցիոն մարմին։
Հարակից հրապարակումներ`
- Նախագիծը չի կանխարգելի, որ հակակոռուպցիոն դատարանի դատավորը մեկ տարի հետո չզբաղվի կոռուպցիայով. Անի Սամսոնյան
- Կառավարությունն առաջարկում է Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծել