Հայաստանը Իրանի ազնվագույն հարևանն է. ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Զոհուրի
Իրանի Թավրիզ քաղաքում կայացած կառավարություն-մասնավոր հատված երկխոսության խորհրդի հատուկ նիստում, որի հիմնական թեման Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումն էր, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Զոհուրին, անդրադառնալով Իրան-Հայաստան համագործակցության հնարավորություններին, հայտարարել է.
«Այս ժամանակահատվածում, երբ Իրանի ժողովուրդը ենթարկված է ամերիկյան անմարդկային պատժամիջոցներին, մեր մերձավոր հարևաններն, իրենց քաղաքական նկատառումներից ելնելով, միջազգային հարթակներում երբեմն քվեարկում են Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կամ, լավագույն դեպքում՝ ձեռնպահ են մնում, երբեմն էլ՝ անհետանում քվեարկությունների ժամանակ: Սակայն Հայաստանի Հանրապետությունը միշտ, առանց բացառության, քվեարկել է Իրանի Իսլամական Հանրապետության օգտին: Սա մեր համար շատ արժեքավոր է, և մենք նման ազնվագույն հարևանին պետք է գնահատենք ու օգնենք, որովհետև տարիներ շարունակ ապրելով որպես հարևաններ, իրար հետ որևէ լարվածություն կամ կոնֆլիկտ չենք ունեցել»:
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանն անդրադառնալով Իրանի և Հայաստանի միջև տարեկան միջին հաշվով 400 միլիոն դոլարի առևտրաշրջանառությանն ասել է, որ ներկայումս կա անհրաժեշտ հարթակ՝ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը երկու-երեք անգամ ավելացնելու համար:
«Հասկանալով, որ Հայաստանի ներկայիս իրավիճակը զգայուն է, շեշտում ենք, որ Հայաստանը վստահելի երկիր է Իրանի համար, և մենք պետք է առանձնահատուկ մոտեցում ունենանք այս երկրի հանդեպ»: Այս մասին գրում է Pars Today-ը։