Ռազմական փորձագետ. Տարածաշրջանում շահեկան դիրքավորվածները փորձում են արագ ամրապնդվել, իսկ ազդեցություն կորցրածները՝ վերականգնվել
Արցախյան պատերազմում կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրած Հայաստանը դեռ չի կարողացել շունչ քաշել, զինված ուժերի վերականգնմամբ զբաղվել, դեռ պատերազմական գոտում փնտրում են անհետ կորածների մարմինները, դեռ բազմաթիվ զինվորներ շարունակում են գերիի ու հանցագործի կարգավիճակով մնալ Ադրբեջանի բանտերում, իսկ Թուրքիան ու Ադրբեջանը հայտարարել են նոր զորավարժությունների անցկացման մասին։
Փետրվարի 1-12-ը Հայաստանին սահմանակից Կարսում կայանալիք որավարժությանը ներգրավելու են նաև տանկային ու հրետանային ստորաբաժանումներ, ուղղաթիռներ, հատուկջոկատայինների ստորաբաժանումներ: Նախատեսվում են նաև նոր սպառազինություն մտած կամ դեռ չմտած զինտեխնիկայի դաշտային փորձարկումներ:
Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի՝ ռազմական գծով խորհրդական, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանի հետ Panorama.am-ը զրուցել է թշնամի երկրների համատեղ զորավարժությունների ուղերձների ու տարածաշրջանում հնարավոր զարգացումների մասին։
Panorama.am -Արցախյան պատերազմի ավարտից երկու ամիս անց , երբ հայկական զինված ուժերը դեռ գտնվում են թուլացած վիճակում, Թուրքիան ու Ադրբեջանը նոր զորավարժություններ են նախաձեռնել և անցկացնում այս անգամ արդեն Թուրքիայի տարածքում։ Ի՞նչ ուղերձներ են պարունակում զորավարժությունները, և տարածաշրջանի ո՞ր երկրներին են դրանք ուղղված։
Տիգրան Աբրահամյան- Ադրբեջանն ու Թուրքիան չեն թաքցնում, որ ձեռք բերվածով չեն բավարարվելու և ձգտելու են ստանալ առավելագույնը։ Ավելին, այդ երկրները իրենց երկրի օրակարգում են շարունակում պահել ռեգիոնալ խնդիրների՝ ռազմական ճանապարհով լուծելու հարցը, ինչը թույլ չի տալիս տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հասնել։ Այս պահվածքը սպառնալիք է ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլ ողջ տարածաշրջանի համար։
Panorama.am-Այս զորավարժություններին նախորդել էին Իրանում նոր սերնդի հրթիռներով զորավարժությունները։ Տարածաշրջանը եռում է։ Ի՞նչ զարգացումներ են հնարավոր աշխարհքաղաքական նոր պայմաններում։
Տիգրան Աբրահամյան-Սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին ծավալված ռազմական գործողությունները տարածաշրջանում նոր իրավիճակ են ստեղծել։ Կան երկրներ, որոնք ամրապնդեցին իրենց դիրքերը, օրինակ՝ ՌԴ-ն, կան երկրներ, որոնք որոշակի պրոցեսներից դուրս մնացին, օրինակ՝ Արևմուտքի մասին է խոսքը, և հիմա ամեն ինչ անում են կորցրած դիրքերը հետ բերելու համար։
Արցախի, Քաշաթաղի հարավային շրջանները, որոնք այս պատերազմի արդյունքում օկուպացվել են ադրբեջանցիների կողմից, Իրանի համար դարձել են անկանխատեսելի գոտի, իսկ սահմանի այդ հատվածը բավականին մեծ էր։ Ու եթե հաշվի ենք առնում նաև առկա տեղեկություններն այն մասին, որ Թուրքիան փորձում է այդ հատվածներ իր համար նպաստավոր կոնտինգենտ տեղակայել ու բնակեցնել, ապա սպառնալիքներն առավել ընդգծված են դառնում։
Ընդհանուր առմամբ, իրավիճակն ամբողջովին չի հանգուցալուծվել, իսկ դա իր մեջ նոր ռիսկեր և վտանգներ է պարունակում։ Շահեկան դիրքավորվածները փորձում են արագ ամրապնդվել, իսկ ազդեցություն կորցրածները՝ վերականգնել։ Թե սա ինչ հետևանքներ կունենա, դեռևս դժվար է հստակ գնահատական տալ։
Panorama.am-Կա կարիծիք, որ Գյումրիից քիչ հեռու անցկացվող զորավարժությունները Թուրքիայի կողմից ուժի ցուցադրում է Ռուսաստանին, որն առավել շահած է դուրս եկել պատերազմից։
Տիգրան Աբրահամյան -Թուրքիան այս իրադարձություններից առավելություն ստացած երկրներից է, ով այս տարածաշրջանում փորձում է ամրապնդել իր դիրքերը։ Բնականաբար որևէ կողմի ազդեցության աճը պետք է լինի մեկ այլ կողմի հաշվին և այդտեղ Իրանի և ՌԴ-ի հետ պայքարը միշտ էլ նկատելի է։ Եվ այնպես չէ, որ ՌԴ-ն կամ Իրանը պատրաստվում են հեշտ զիջել, մանավանդ որ, հատկապես Իրանի դեպքում, այս իրադարձություններով պայմանավորված նոր սպառնալիքներ են ստեղծվել։
Panorama.am – Հնարավոր զարգացումների ու ստեղծված իրավիճակում ի՞նչ պետք է անի Հայաստանը՝ դրանցից հնարավորինս չտուժելու համար։
Տիգրան Աբրահամյան -Պատերազմի շոկից պետք է արագ դուրս գալ, արագ վերլուծել խնդիրներն ու ստեղծված իրադրությունը, ապա քայլ առ քայլ գնալ դրանց լուծումներին։
Իհարկե այս իշխանության պարագայում դժվար է նման բան ակնկալել, բայց ճանապարհն ամեն դեպքում բարդ է լինելու։ Պետք է վերականգնել միջազգային կառույցների, գործընկերների, դաշնակիցների հետ աշխաանքը՝ փորձել տարածաշրջանում գործոն դառնալ, ըստ այդմ՝ նաև ազդեցություն ունենալ գործընթացների վրա։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան ու Ադրբեջանը Կարսում զորավարժություն կանցկացնեն
- Ահարոն Վարդանյան. Բոլորը զինվում են, ցուցադրում են իրենց ուժը, իսկ ի՞նչ ենք անում մենք
- Իրանում մեկնարկել են ռազմածովային ուժերի զորավարժությունները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան