Ադրբեջանի զինծառյողները հայ վարորդներին վիզը կտրելու ազդանշաններ են ցույց տալիս. Իվետա Տոնոյանը
«Նույն տրամաբանությամբ կառավարությունը կարող է տիեզերագնացության զարգացման կամ ռենգեղջյուրների պոպուլացիային վերաբերող նախաձեռնություններ բերել խորհրդարան»,- ԱԺ-ում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ հիմնավորելով իր այն տեսակետը, որ ԱԺ 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերն առնչություն չունեն Հայաստանի այսօրվա իրականության հետ:
Նա նկատեց, որ օրակարգում չկան հարցեր, որոնք կառնչվեին Արցախից տեղահանվածների, ռազմագերիների, անհետ կորածների, Սյունիքի անվտանգության խնդիրներին:
Պատգամավորի կարծիքով, ԱԺ օրակարգում որևէ հարց չկա, որը կարող է որոշ չափով թոթափել երկրի առջև ծառացած խնդիրները, այլ կան ավտոկայանատեղերի, հոգեկան առողջության խնդիրների վերաբերյալ նախագծեր:
«Դուք հասկանո՞ւմ եք, որ այս կառավարությոնը՝ իր ղեկավարի գլխավորությամբ, այլևս սպառել է իրեն տրված լեգիտիմությունը, այլևս չունի որևէ օրակարգ, որով կարող է գալ խորհրդարան և ներկայացնել հասարակությանն ու նրա շահերը»,- հայտարարեց Իվետա Տոնոյանը և շեշտեց, որ այդ ամենը չի հասկանում խորհրդարանական մեծամասնությունը, ինչը ողբերգություն է:
Պատգամավորը նկատեց, որ Սյունիքի մարզ կատարած այցից հետո հնարավոր չէ հանգիստ նստել և քննարկել այն հարցերը, որոնք այսօր խորհրդարան են բերվել:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորի խոսքով, մի գիշերվա մեջ Նիկոլ Փաշինյանի ստորագրած կապիտուլացիայի փաստաթղթի հետևանքով Սյունիքի մարզի մի քանի տասնյակ համայնքներ դարձել են սահմանամերձ և ամեն օր ապրում են Ադրբեջանի զինվորների նշանառության տակ:
«Ադրբեջանի զինծառյողները Գորիս-Կապան ավտաճանապարհով երթևեկող վարորդներին վիզը կտրելու ազդանշաններ են ցույց տալիս»,- հայտարարեց Տոնոյանը և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին հորդորեց այցելել Սյունիք:
Հարակից հրապարակումներ`
- «Իմ քայլը» խմբակցությունը մերժեց ռազմագերիների հարցը ԱԺ-ում քննարկելու առաջարկը
- Աննա Գրիգորյանը երդվեց և ստանձնեց պատգամավորի մանդատը
- Նաիրա Զոհրաբյան. Քաղաքական դաշտը, դատաիրավական համակարգը պիտի ենթարկվի լյուստրացիայի
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում