Պատրաստ եղեք, 100 տոկոս իմացեք, չենք թողնելու՝ մարսեք. ԲՀԿ-ն՝ իշխանություններին
«Ինչ լավ է, որ սկսել եք խոսել, ձեններդ սկսել է դուրս գալ, ասում եք՝ ընդդիմությունը խնդիր է։ Ընդդիմությունը միշտ էլ ձեր համար խնդիր է լինելու, պատրաստ եղեք, 100 տոկոս իմացեք, չենք թողնելու՝ մարսեք, չեք մարսելու»,- այսօր խորհրդարանում, խմբակցության անունից դիմելով իշխանական պատգամավորներին, ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։
Նրա խոսքով, իշխանությունները խոսում են շահարկումների մասին, բայց անգամ չկարողացան լուծել գերիների հարցը, թեև նախքան հունվարի 11-ը ֆեյսբուքյան էջերում գրում էին, թե վարչապետը գնում է գերիների հարցը լուծելու։
«Լուծեցի՞ք։ Այդ ի՞նչ շահարկումների մասին եք խոսում. Ադրբեջանը 2 մլրդ 700 մլն ռազմական բյուջե ունի, իսկ դուք խոսում եք «հետադիմական մտքերի մասին», այդ ենք շահարկում։ Թե՞ շահարկում ենք այն, որ ասում ենք Փաշինյանն ու իշխանությունը ոչինչ անելու ընդունակ չէ։ Զարգացումը ցույց է տալիս, որ ունակ չեք, ադեկվատ չեք։ Սյունիքից եք խոսում, բան չունեմ ասելու, ունեք պատգամավոր այնտեղից, բայց սյունեցի պատգամավորը գնացել է այնտեղ ու ծեծ է կերել։ Դա՞ էլ է շահարկում, թե՞ այն, որ ասում ենք, ընկեր, 60 հարց եք բերել օրակարգ, բայց մեկը չի առնչվում ստեղծված իրավիճակին։ Հարցնում ենք՝ ե՞րբ եք երեխեքին հետ բերելու, դա շահարկո՞ւմ է։ Ե՞րբ եք հետ բերում երեխեքին, հելեք ու խոսեք»,- նշեց պատգամավորը։
Ըստ նրա, պատերազմի երրորդ-չորրորդ օրերին իշխանություններն արդեն Ադրբեջանի և Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների մասին էին խոսում։
«Բայց հիմա դա էլ է շահարկում, հա՞։ Փաստորեն ինչը ձեզ դուր չի գալիս, շահարկում է։ Այո, ի վիճակի չեք, ունակ չեք, Փաշինյանը պիտի հեռանա, դուք պետք է հեռանաք, քանի որ երկիրը տանում եք կործանման»,- եզրափակեց խոսքը Արման Աբովյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Փաշինյանը գնաց Ալիևի հետ ճաշեց ու վերադարձավ, իսկ հայ ռազմագերիների ծնողները մնացին իրենց խնդրի հետ»
- «Իմ քայլը» խմբակցությունը մերժեց ռազմագերիների հարցը ԱԺ-ում քննարկելու առաջարկը
- Նաիրա Զոհրաբյան. Քաղաքական դաշտը, դատաիրավական համակարգը պիտի ենթարկվի լյուստրացիայի