Իսագուլյան. Միքայել Մինասյանը խոսում է այլ բանի մասին, ԱԱԾ-ն հերքում է միանգամայն այլ բան
«Ես կարող եմ ողջունել Միքայել Մինասյանի համաձակ քայլը»,- «Հայելի» ակումբում հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ անդրադառնալով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի այն հայտարարություններին, որ ԱԺ գործող նախագահը 2005-ից ծառայել է Թուրքիայի հատուկ ծառայություններին, ապա հավաքագրվել նաև Հայաստանի ԱԱԾ կողմից։
Իսագուլյանը նշում է, որ Մինասյանը գնացել է այդ քայլին, քանի որ, ըստ իրեն, հասկացել է այս իշխանությունները գործում են ի շահ Թուրքիայի ու Ադրբեջանի։ Կուսակցության նախագահն այսօրվա ասուլիսում մեկ անգամ ևս պնդեց՝ 2018-ին Հայաստանում իշխանափոխությունը կատարվել է թուրքական, ադրբեջանական փողերով, որոնք Հայաստան են տեղափոխվել Վրաստանում ԱՄՆ դեսպանատան միջոցով։
«Գործակալական ցանցի բացահայտումը ոչ ազգային գործունեություն է։ Բայց ի՞նչ է արել Միքայել Մինասյանը։ Նա ասել է, որ 2005-2007 թվականներին Արարատ Միրզոյանը համագործակցել է թուրքական ծառայությունների հետ, եղել է շպիոն։ Վստահ եմ, որ նա շատ երկար է մտածել այդ դիմումը հրապարակելուց առաջ, բայց տեսնելով, որ գործող ղեկավարությունը, ըստ էության Արցախը վաճառել է թշնամուն, որոշել է բացահայտել Արարատ Միրզոյանի էությունը։
Պատահական չէր, որ Միքայել Մինասյանի կողքին դրված էր թղթապանակը։ Վստահ եղեք նման պապկաներ կան Փաշինյանի, Աննա Հակոբյանի, Մակունցի, Դավիթ Սանասարյանի, Լենա Նազարյանի, Արմեն Գրիգորյանի, Սաքունցի, Ասյա Խաչատրյանի և շատ այլ մարդկանց վերաբերյալ»,- ասաց բանախոսը։
Իսագուլյանը մանրամասնեց, ստորագրությամբ գործակալները լինում են երկու տեսակ՝ մարդիկ, որոնց առաջարկել են համագործակցել հատուկ ծառայությունների հետ, նրանք էլ համաձայնել են հանուն պետության շահերի, հետախույզների մեծ մասը հենց այսպիսի գործակալներ են։
«Կան գործակալներ էլ, որոնք ինչ-որ պատճառով հայտնվում են հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում, հանցագործության համար կարելի է պատժել, բայց նրա դեմը դնում են հանցանքը, առաջարկում են նաև այս-այս հարցերում համագործայցություն»,- հայտարարեց Գառնիկ Իսագուլյանը։
Համադրելով ու լրագրողների հետ հանդիպմանն ընթերցելով Միքայել Մինասյանի հրապարակած դիմումը, որի ներքո ստորագրված է Արարատ Միրզոյան, ու ԱԱԾ հերքում-հաղորդագրությունը, Իսագուլյանը նշեց՝ ԱԱԾ-ն հերքում է մի բան, որը չի ասել Մինասյանը։
«ԱԱԾ-ն իրականում չի հերքում, որ այդ փաստաթուղթն իրական է, չի ասում, որ կեղծ է, ասում է՝ բայց հատուկ ծառայությունների գործակալ լինելու հանգամանքը ճիշտ չէ։ Ստացվում է՝ ԱԱԾ-ն հերքում է, որ Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալը չէ։ Հիմա ԱԱԾ-ում շատ խելացի մտածել են, ասում են, հարգելի Միքայել Մինասյան, մենք քո հրապարակած փաստաթուղթը չենք հերքում, բայց քանի որ մեզ պարտադրել են ինչ-որ բան գրել, որ նա Թուրքիայի գործակալ չէ, մենք գրում ենք մի այսպիսի բան։ Մինասյանի ու ԱԱԾ հայտարարությունները միմյանց հետ ոչ մի օրգանական կապ չունեն։ Միքայել Մինասյանը խոսում է այլ բանի մասին, ԱԱԾ-ն հերքում է միանգամայն այլ բան»,- նշեց նա։
Իսագուլյանը զարմանում է՝ Թուրքիայի հատուկ ծառայությունները չեն հերքում Արարատ Միրզոյանի իրենց գործակալ լինելու մասին լուրերը, հերքում է ԱԱԾ-ն։
«ԱԱԾ-ն 27-28 րոպեի ընթացքում հերքում է Միքայել Մինասյանի հայտարարությունը, ո՞նց կարա մեր ԱԱԾ-ն հերքի, որ Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է, աբսուրդ է»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Միքայել Մինասյան. Կա արնահոսող, անտեր երկիր, որ պատանդ է դավաճանների ու մարդասպանների ձեռքում
- Մելոյան. Ակնհայտ է՝ որևէ ԱԱԾ երբևէ չի կարող ընդունել կոնկրետ անձի իր գործակալ հանդիսանալու, ավելին՝ գործակալ ունենալու հանգամանքը
- ԱԱԾ. Ակնհայտ սուտ է
- Միքայել Մինասյան. Արարատ Միրզոյանը եթե էլի փորձի տափակաբանություններ դուրս տալ, պատասխանը չի ուշանա
- Արարատ Միրզոյանի արձագանքը
- Միքայել Մինասյանը հրապարակեց դիմումը, որի ներքո ստորագրված է Արարատ Միրզոյան
- Միքայել Մինասյան. Requiem/8. Փաստեր թուրքական շպիոն ու ԱԱԾ ագենտ բարձրաստիճան պաշտոնյայի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան