Առաջարկվում է ծախսերի հայտարարագրման ինստիտուտ ներդնել
Խորհրդարանը քննարկում է «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով, ներկայացված նախագծով առաջարկվում է ներդնել նոր՝ ծախսերի հայտարարագրման ինստիտուտ:
«Նախագծերով մասնավորապես առաջարկվում է հայտարարատուի ֆինանսական շարժի վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու նպատակով ներդնել նոր՝ ծախսերի հայտարարագրման ինստիտուտը: Օրենքով սպառիչ թվարկված ծախսերի դեպքում, եթե դրանց միանվագ արժեքը գերազանցում է 2 մլն ՀՀ դրամը, ապա այդպիսի ծախսերը ենթակա են հայտարարագրման կամ, եթե նույն տեսակի ծախսի մասով հանրագումարը գերազանցում է 3 մլն ՀՀ դրամը: Նախագծով առաջարկվում է նաև հայտարարագրման ենթակա գույք սահմանել հայտարարատուի կողմից փաստացի տիրապետվող գույքը»,- ներկայացրեց Ռուստամ Բադասյանը։
Նախարարը տեղեկացրեց, որ առաջին ընթերցմամբ ընդունումից հետո նախագծում կատարվել են մի շարք փոփոխություններ, օրինակ՝ հստակեցվել են հայտարարատուի կողմից գույքի իրական շահառու հանդիսանալու վերաբերյալ դրույթները:
«Մասնավորապես, սահմանվել է, որ հայտարարագրման ենթակա է նաև այն գույքը, որը սեփականության իրավունքով պատկանում է երրորդ անձին, բայց ձեռք է բերվել հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին կամ այդ գույքից փաստացի օգուտ է ստանում կամ այդ գույքը տնօրինում է հայտարարատուն։ Լրամշակվել է նաև գույքի հայտարարագրման ենթակա տվյալների շրջանակը՝ սահմանելով, որ ՀՀ տարածքից դուրս առկա բանկային հաշիվների և ավանդի դեպքում նշվում է նաև հաստատության անունը և գտնվելու վայրը»,- նշեց նախարարը։
Նրա խոսքով, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջարկով լրացվել են տարեկան հայտարարագրում ներկայացվելիք փոխառության վերաբերյալ տվյալները՝ սահմանելով, որ տարվա ընթացքում հանձնված կամ վերադարձված փոխառությունը ևս ենթակա է հայտարարգրման, եթե տարվա ընթացքում նույն անձին հանձնված կամ վերադարձված փոխառության հանրագումարը գերազանցվում է 1 մլն դրամը։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին