Razm.info. Ի՞նչ է հայտնի Կարսում թուրք-ադրբեջանական զորավարժության մասին
Razminfo մասնագիտացված կայքը պատրաստել ու հրապարակել է տեղեկանք Կարսում նախատեսված զորավարժությունների վերաբերյալ։
Ըստ աղբյուրի, հունվարի 17-ին թուրքական լրատվամիջոցները, հղում անելով երկրի Զինված ուժերի գլխավոր շտաբին, հայտնեցին, որ փետրվարի 1-12-ը Հայաստանի սահմանակից Կարսի մարզում նախատեսվում է անցկացնել «Ձմեռ - 2021» (Kış-2021) խոշոր զորավարժությունը, որին կմասնակցի նաև Ադրբեջանը։ Այլ երկրների մասնակցության մասին չի նշվել։
Ըստ հայտարարության՝ զորավարժությանը ներգրավվելու են տանկային և հրետանային ստորաբաժանումներ, դիպուկահարներ, հատուկջոկատայիններ, ինչպես նաև ուղղաթիռներ։
Բացի այդ, ըստ թուրքական կողմի հայտարարության, նախատեսվում է զորավարժության ընթացքում փորձարկել սպառազինություն վերջերս մտած կամ դեռևս չմտած զինտեխնիկա։ Թե ինչ տեխնիկայի մասին է խոսքը, նույնպես չի նշվում։
Որպես զորավարժության նպատակ նշվել է «համատեղ գործողությունների ընթացքում համագործակցության և համակարգման ապահովումը»։ Ավելի մանրամասն նշվում է, որ զորավարժության այլ նպատակներն են խորը ձյան և ուժեղ ցրտի պայմաններում մարտական գործողությունների հնարավորությունների և ունակությունների փորձարկումը, այդ թվում՝ կրակային փուլով, ձմռան պայմաններում տարածքում տեղաբաշխման, ապաստանման, համալրման և սպասարկման գործընթացներում կրթական մակարդակի զարգացումը և հրամանատարական կառավարման համակարգերի գործարկման ապահովումը:
Զորավարժությանը խաղարկվելու են գրոհային, օդային հարձակման, օդային փոխադրումների և լոգիստիկ աջակցության գործողություններ։
Նույն օրը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ հրապարակեց, որտեղ երևում էր՝ ինչպես են Նախիջևանի առանձին համազորային բանակի զինծառայողները մեկնում Թուրքիա։ Տեսանյութում երևում էր, որ Նախիջևանից Թուրքիա են մեկնել հատուկ նշանակության ուժերի խումբ և չորս տանկ՝ իրենց անձնակազմով։
Պատմություն․ Կարսում ձմեռային կամ գարնանային զորավարժություններ Թուրքիան անցկացնում է ամեն տարի՝ սկսած առնվազն 2012թ-ից, իսկ տարբեր տարիների դրանց ներգրավվել են նաև ադրբեջանցի զինծառայողները, առաջին անգամ առնվազն 2014թ․-ից։ 2015թ. Ադրբեջանի՝ զորավարժությանը մասնակցելու մասին տեղեկություն չկա, սակայն Թուրքիայի ԶՈւ-ն այդ տարի Կարսում ձմեռային զորավարժություն իրականացրել է։ Նույնը նաև 2017թ.։
Ավելի հավանական է, որ Ադրբեջանի զինուժը սկզբնական շրջանում մասնակցում էր երկու տարին մեկ անգամ, համատեղ զորավարժություններ եղել էին 2014, 2016, 2018թթ., սակայն այնուհետ ադրբեջանցիները Կարսում զորավարժության են մասնակցել նաև 2019 թվականին։
2018թ. փետրվարին Թուրքիան հայտարարեց, որ փետրվարի 24-ից մինչև մարտի 5-ը և ապրիլի 2-ից մինչև հունիսի 13-ը Թուրքիայի զինուժը վարժանքներ կանցկացնի Կարսի «Աքբաբա» զորավարժարանում: Ադրբեջանցիները ներգրավվել էին զորավարժության «երկրորդ մաս»-ին և Թուրքիա մեկնել միայն մայիսին։ Այն ժամանակ ևս մեկնել էին Նախիջևանի առանձին համազորային բանակի ստորաբաժանումները։ Համատեղ զորավարժությունը 2019թ. անցկացվել է փետրվարին, կրկին մասնակցել են Նախիջևանի հատուկջոկատայինները։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Որքանո՞վ են թշնամի երկրների զորավարժությունները վտանգավոր Հայաստանի համար
- Ռազմական փորձագետ. Տարածաշրջանում շահեկան դիրքավորվածները փորձում են արագ ամրապնդվել, իսկ ազդեցություն կորցրածները՝ վերականգնվել
- Թուրքիան ու Ադրբեջանը Կարսում զորավարժություն կանցկացնեն