ՀՀ-ում գործազուրկ արցախցիների ժամանակավոր զբաղվածության հարցը լուծելու համար երկու ծրագիր է իրագործվում
Պատերազմի հետևանքով Հայաստանում գտնվող Արցախի գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության հարցը լուծելու համար երկու ծրագիր է իրագործվում: Ասուլիսում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը:
Նրա ներկայացմամբ, այս պահին ծրագրերից օգտվելու համար կարող են դիմել այն արցախցիները, որոնց բնակավայրերն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ: Փոխնախարարն ասաց, որ հաջորդ շաբաթվանից ցուցակը կընդլայնվի, կարող են դիմել այն արցախցիները, որոնց տները, շինությունները վնասվել են և այս պահին գտնվում են Հայաստանի տարածքում: Այսինքն, ըստ Ռ. Սարգսյանի, շահառուների թիվը կընդլայնվի:
Նա նշեց, որ խոսքը մասնագիտական փորձ ձեռք բերելու և վարձատրվող հասարակական աշխատանքների ծրագրերի մասին է: Ծրագրերն իրականացվելու են Հայաստանի տարածքում:
Փոխնախարարի ներկայացմամբ, մասնագիտական փորձ ձեռք բերելու ծրագիրը երեք ամսով է, յուրաքանչյուր գործատուի մոտ դիմողը կարող է 3 ամսվա աշխատանքային փորձ ձեռք բերելու պայամանագիր կնքել, շահառուն ստանալու է 100 հազար եկամուտ, գործատուն 100 հազար դրամին համապատասխան հարկերի, տուրքերի փոխհատուցումներ, իսկ պրակտիկա վարողը՝ 34 հազար դրամ։ Հիմնականում ցանկություն են հայտնել սպասարկման ոլորտի գործատուները: Ծրագրից օգտվելու համար արդեն առցանց դիմել է 663 արցախցի:
Վարձատրվող հասարակական աշխատանքների ծրագրի դեպքում գործատուն, պատվիատուն համայքներն են: Փոխնախարարն ասաց, որ մարզպետարանները ներկայացնում են իրենց մոտ պահանջվող աշխատանքների ցանկը, հիմնականում՝ վերանորոգում, նորոգում, ձնամաքրման աշխատանքներ: Օրավարձն է 8000 դրամ, ներառյալ հարկերը:
Ըստ նրա, նախնական կանխատեսում են, որ երկու ծրագրից օգտվելու համար 2000 դիմող կլինի, իսկ եթե դիմողները շատանան, կարող են ավելի մեծ թվի համար ժամանակավոր զբաղվածություն ապահովել:
Ռ. Սարգսյանն ասաց, որ քաղաքացիները ծրագրերից օգտվելու համար պետք է դիմեն տարածքային զբաղվածության գործակալություն, կամ էլեկտրոնային փոստի միջոցով, կամ employment.am կայքում հայտ լրացնեն: Պետք է նշեն անուն-ազգանունը, կոնտակտային տվյալները և որ ծրագրին են ցանկանում մասնակցել:
Հարակից հրապարակումներ`
- Ավելի քան 93 հազար արցախցի ժամանավորապես ապաստանել էր Հայաստանում. Միքայել Վիրաբյան
- Փոփոխություններ՝ արցախցիների համար կառավարության աջակցության ծրագրերում
- Շուրջ 700 առանձնատներ տրամադրվելու են իրենց բնակավայրերից տեղահանված արցախցիներին
- Շուրջ 48,700 հայրենազրկված արցախցիներ, ըստ ՌԴ ՊՆ-ի տեղափոխվել են Ստեփանակերտ