Սևերի և սպիտակների դասական բաժանում էր այսօր Սյունիքում տեղի ունեցած միջադեպը․ Վահե Էնֆիաջյան
«Ժամեր առաջ Սյունիքում տեղի ունեցած միջադեպը պետք է որակել որպես դասական դրսևորում՝ բաժանարար գծերի, ասել է թե սևերի ու սպիտակների»,- խորհրդարանական հայտարարությունների ժամին ասաց ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը։
Հիշեցնենք, որ ժամեր առաջ Սյունիքում մի քանի տասնյակ քաղաքացիներ փակել են աշխատանքային այցով Սյնուիքում գտնվող ԲՀԿ-ական պատգամավորների ճանապարհը՝ կարծելով, թե իրենց մարզ է գնացել «ՀՓՇ»-ի վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։
ԱԺ փոխխոսնակի խոսքով, տևական ժամանակ է, ինչ ԲՀԿ-ական պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Իվետա Տոնոյանը, Շաքե Իսայանն ու Արտյոմ Ծառուկյանը գտնվում են Սյունիքի մարզում և պարբերաբար հանդիպումներ են ունենում քաղաքացիների հետ։
«Նրանք ոչ միայն իրենց լիազորություններն են իրականացնում, լսում քաղաքացիներին, այլ նաև օգնություն են տրամադրում։ Պատգամավորներն իրենց հետ օգնություն էին տարել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող, սննդի կարիք ունեցող ընտանիքներին։ Պարբերաբար խեղաթյուրելով ներկայիս իրողությունը, ձևավորելով կեղծ քաղաքական օրակարգ, իշխանությունները փորձում են իրական հիմնախնդիրներից շեղել հանրությանը»,- նկատեց ԲՀԿ-ական պատգամավորը։
Ըստ նրա, այսօր ՀՀ-ում օրակարգային են զոհված զինծառայողների, գերիների, անհետ կորածների, վիրավորների ու փախստականների խնդիրները։
«Իսկ կեղծ օրակարգերը առաջնահերթությունների ձևավորման գործում իշխանությունների անկարողությունը թաքցնելու համար են առաջ բերվում։ Կեղծ օրակարգ ձևավորելով՝ ոչ մի դրական փոփոխություն չեք կարողանալու իրագործել»,- եզրափակեց խոսքը Վահե Էնֆիաջյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մենք պատմության մեջ մնալու ենք ԱԺ, որը հանձնել է Արցախի 70%-ը. Կարեն Սիմոնյան
- Պատրաստ եղեք, 100 տոկոս իմացեք, չենք թողնելու՝ մարսեք. ԲՀԿ-ն՝ իշխանություններին
- ԲՀԿ-ի դիրքորոշման մեջ որևէ բան չի փոխվել. Գագիկ Ծառուկյան