Վիգեն Ստեփանյանը ժողովրդի հիշողության մեջ ընդմիշտ կմնա որպես հրաշալի մտավորական, բեմական արվեստի նվիրյալ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ցավակցում է սիրելի արվեստագետ Վիգեն Ստեփանյանի հարազատներին, ընկերներին ու գործընկերներին:
Հիշեցնենք, որ 68 տարեկանում այսօր կյանքից հեռացել է դերասան, բեմադրիչ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը:
Նախարարությունը հրապարակել է մշակութային գործչի կենսագրությունը.
«Անվանի դերասանը ծնվել է 1952 թ. հոկտեմբերի 8-ին Երևանում: Նախնական կրթությունն ստացել է Երևանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում: 1969 թ. ավարտել Երևանի Ա. Չեխովի անվան միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետ: 1973 թ. ընդունվել է Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնին կից դերասանական ստուդիա, որն ավարտելուց հետո՝ մինչև 1977 թ.-ը, աշխատել է նույն թատրոնում` որպես դերասան: 1977-89 թթ. աշխատել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան:
1988-92 թթ. սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում: 1989 թ. հիմնել է «Արձագանք» թատրոն-ստուդիան, որը 1991 թ. դարձավ «Մետրո» թատրոնի հիմքը, և մինչև 1994 թ. եղել է այդ թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը: 1994-2003 թթ. աշխատել է Լիբանանում: 2003 թ. վերադարձել է Հայաստան և նորից ստանձնել «Մետրո» թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը: 2007 թ.-ից աշխատել է տարբեր թատրոններում` որպես հրավիրված դերասան և բեմադրիչ: 2007 թ.-ից աշխատում էր Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում՝ ղեկավարելով ռեժիսորական կուրս:
Վիգեն Ստեփանյանը խաղացել է ավելի քան 100 դեր տարբեր թատրոններում, մի շարք երկրներում տարբեր լեզուներով բեմադրել է բազմաթիվ ներկայացումներ, խաղացել է ավելի քան 60 հեռուստատեսային բեմադրություններում: Նկարահանվել է «Երկունք» (1976 թ.), «Հուսո աստղ» (1978 թ.), «Երկնագույն առյուծ» (1979 թ.), «Թռիչքը սկսվում է գետնից» (1980 թ.), «Վերջին կիրակին» (1985 թ.), «Կապիտան Առաքել» (1985 թ.), «Թե ինչպես կատուն արհեստ սովորեց» (1986 թ.), «Մեզանից երեքը» (1987 թ.), «Խաչմերուկի դեղատունը» (1987 թ.), «Շնչառություն» (1988 թ.), «Ձայն բարբառոյ...» (1991 թ.), «Վերջին կանգառը» (2005 թ.), «Տաք երկիր և ցուրտ ամառ» (2009 թ.), «Հրձիգ» (2012 թ.), «Լեռնագնացները» (2013 թ.), «Որսի կանոնները» (2014 թ.), «Շնորհակալություն, հայրիկ» (2014 թ.), «Տղաս, ո՞ւր է Եփրատը» (2015 թ.), «Հրձիգ 3» (2016 թ.) և այլ ֆիլմերում, «Կյանքի գինը» (2009 թ.) և այլ հեռուստասերիալներում:
Երեք տարի շարունակ եղել է «Երևան-Էրեբունի» տոնակատարության գլխավոր բեմադրիչը: Գրել և բեմականացրել է ավելի քան 10 պիես: Նրա սցենարով նկարահանվել են երկու կարճամետրաժ և մեկ լիամետրաժ ֆիլմեր: 2014 թ. նշանակվել է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ռեժիսոր: Պարգևատրվել է բազմաթիվ մրցանակներով, պատվոգրերով, շքանշաններով: 2008 թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման:
Վիգեն Ստեփանյանը մշակութային հանրության ու ժողովրդի հիշողության մեջ ընդմիշտ կմնա որպես հրաշալի մտավորական, դերասանական և բեմական արվեստի նվիրյալ և նշանավոր գործիչ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան