Առաջարկվում է փոխել տնտեսական մրցակցության պայմանների խախտման համար սահմանված տուգանքների չափը
«Հանձնաժողովն այս պահին տարբեր վարույթներ է իրականացնում, բայց վարույթների մասնակիցները, վարույթի հարուցման առիթներն ու պատճառները, ընթացակարգերը հստակեցված չեն»,- այսօր խորհրդարանում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը՝ ներկայացնելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։
Նրա խոսքով, այդ է պատճառը, որ ՏՄՊՊՀ ընդունած վարույթների մեծամասնությունը կարճվում է, քանի որ, ըստ գործող օրենքի, առանց նախնական ընթացակարգի վարույթ է հարուցվում։
«Եվ եթե այս օրենքը ընդունվի, այսուհետ հանձնաժողովը հնարավորություն կունենա նախնական վարույթ իրականացնելու, և միայն առերևույթ հիմքերի պարագայում բուն վարչական վարույթ կհարուցվի։ Կարգավորում ենք նաև մի շարք վարույթների միացումը կամ առանձնացումը»,- նշեց Գեղամ Գևորգյանը։
Բացի այդ, ըստ նրա, օրենքն այժմ տուգանքների միայն առավելագույն շեմերն է սահմանում, ինչը որոշ տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն է տալիս խախտման արդյունքում ունենալ առավել մեծ շահույթ, քան խախտման համար վճարվելիք տուգանքն է։
«Իսկ այժմ առաջարկվում է, տնտեսական մրցակցության պայմանների խախտման արդյունքում ստացված շահույթին համարժեք լինի սահմանվող տույժը»,- նկատեց նա։