Մահացել է դերասան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը
Կյանքից հեռացել է դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը: Լուրը հայտնում է Հայաստանի թատերական գործիչների միությունը:
Վիգեն Ստեփանյանը ծնվել էր 1952 թվականին Երևանում: 1969 թվականին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետ։ 1973 թվականին ընդունվել է Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնին կից դերասանական ստուդիա, որտեղ մինչև 1977 թվականն աշխատել է որպես դերասան։ 1977-1989 թվականներին որպես դերասան աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ 1988-1992 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժնում։ 1989 թվականին հիմնել է «Արձագանք» թատրոն-ստուդիան, որը 1991 թվականին հիմք դարձավ «Մետրո» թատրոնի, և մինչև 1994 թվականը եղել է թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը։ 1994-2003 թվականներին աշխատել է Լիբանանում։
2003 թվականին վերադառնալով Հայաստան՝ նորից ստանձնել է «Մետրո» թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։ 2007 թվականին որպես հրավիրված դերասան և բեմադրիչ աշխատել է տարբեր թատրոններում։ 2007 թվականից դասավանդում է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում, ուր ղեկավարում է ռեժիսորական կուրս։
2014 թվականի հոկտեմբերին Վիգեն Ստեփանյանը նշանակվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ռեժիսոր։
Խաղացել է ավելի քան 100 դեր տարբեր թատրոններում, բեմադրել է 43 ներկայացում տարբեր երկրներում և տարբեր լեզուներով, նկարահանվել է մոտ 50 ֆիլմերում, ԽՍՀՄ տարբեր ստուդիաներում, խաղացել է ավելի քան 60 հեռուստաներկայացումներում։ Գրել և բեմականացրել է ավելի քան 10 պիես։ Իր սցենարով նկարահանվել է երկու կարճամետրաժ և մեկ լիամետրաժ ֆիլմ: