«Եթե Փաշինյանը որպես չոր նախապայման դներ ռազմագերիների խնդիրը, Ալիևը կհամաձայներ դրան»
«Մենք այսօր, ցավոք, ունենք մի իրավիճակ, երբ Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին, ավելի՝ նոյեմբերի 9-ից հետո գերեվարված 64 ՀՀ քաղաքացիներին իրենք համարում են դիվերսանտներ, և միջազգային բոլոր կառույցները ողողել են հայտարարություններով, որ այդ մարդիկ ահաբեկիչներ են»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Միևնույն ժամանակ, պատգամավորը նշեց, որ ՀՀ ԱԳՆ-ն և մյուս կառույցները, բացի ՄԻՊ-ից, ադեկվատ չեն կարողանում գործել այս իրավիճակում։ Ըստ Նաիրա Զոհրաբյանի, հունվարի 11-ին, երբ Նիկոլ Փաշինյանը մեկնեց Մոսկվա, հայկական կողմը շանս ուներ գերիների հարցը լուծելու։
«Եթե ինքը որպես կտրուկ, չոր նախապայման դներ ռազմագերիների խնդիրը, և ասեր՝ մինչև չվերադարձնեք գերիներին, չեմ ստորագրի Ադրբեջանի համար կենսական նշանակություն ունեցող այս թուղթը, ռազմագերիների հարցը կլուծվեր, Ադրբեջանը կհամաձայներ այդ նախապայմանին»,- նշեց պատգամավորը։
Նա հայտեց, որ շատ քաղաքացիներ են դիմում իրեն՝ հույս ունենալով, որ ԲՀԿ-ն կարող է զբաղվել գերիների վերադարձի հարցով, բայց և ասաց, որ ինքը մարդկանց չի խաբում և հստակ ասում է, որ այդ խնդրով զբաղվում է այնքան, որքան թույլ է տալիս իր պատգամավորական մանդատը։
«Ես դիմել եմ Եվրոպայի խորհրդին, ասելով՝ խնդրում եմ՝ օգտագործեք ձեր մանդատը առավելագույնս։ Ի պատասխան խոսել է Ադրբեջանի պատվիրակը, ասելով, որ ես կոչ եմ անում բնաջնջել Ադրբեջանը»,- նշեց նա։
Պատգամավորը կրկնեց՝ իր կարծիքով այս պահին ՀՀ ԱԳՆ-ն գոյություն չունի, իսկ խորհրդարանի աշխատանքը ՄԻԵԴ-ի հետ զրո է։
«Երբ Ալիևը Շուշիում թեյ էր խմում և բռունցքը պարզած սպառնում էր՝ ասելով, որ ով համարձակվի ասել Լեռնային Ղարաբաղ, հերթական ծանր հարվածը կստանա, մեր ԱԳՆ-ն կակազող, վախվորած արձագանք տվեց։ Եվ այդ պատճառով ենք ասում, որ այս կառավարությունը պետք է գնա։ Նիկոլ Փաշինյանը փորձում է խեղել համաշխարհային պատմությունը, այդ հարցում էլ է ուզում բացառություն լինել։ Բայց ինքը հեռանալու է»,- վստահեցրեց պատգամավորը։
Եվ այս համատեքստում Կառավարությունում իրականացվող կադրային փոփոխությունները, օրինակ՝ առողջապահության նախարարի փոփոխությունը, Նաիրա Զոհրաբյանի պնդմամբ՝ աբսուրդի աբսուրդն է.
«Ծիծաղելի են այդ շախմատային տախտակի վրա իրականացվող տեղափոխումները»։
Դիտարկմանը, որ Գյումրի այցի ժամանակ ՀՓՇ-ի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը մի քանի քաղաքացիների «բոմժ» է անվանել, և Գագիկ Ծառուկյանը սխալ է որակել այդ քայլը, Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց՝ ինքը ևս սխալ է համարում Վազգեն Մանուկյանի այդ քայլը։
«Ես հասկանում եմ, որ երբեմն էմոցիաներն այնպես են խտանում, որ չես կարողանում մնալ ադեկվատ լեքսիկոնի շրջանակում, բայց ես հասկանում եմ նաև, որ մենք քաղաքական գրոծիչներ ենք, և չպետք է տրվենք սադրանքների»,- մեկնաբանեց նա։
Ճշտող հարցին, թե արդյո՞ք ինքն էլ հրաժարվելու է «ժեխ» բառը գործածելուց, ԲՀԿ-ական պատգամավորն արձագանքեց՝ ոչ։
«Ես չեմ հրաժարվի ժեխ բառը օգտագործելուց, գիտեք, քանի որ իմ կոնտեքստը բացարձակապես այլ է։ Ես ասել եմ, որ բոլոր նրանք, ովքեր արդարացնում են դավաճանությունը, ովքեր ասում են, որ լավ է եղել, որ 5000 և ավելի երեխա է սպանվել, իրենց եմ ասում այդ բառը»,- ասաց պատգամավորը։
Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ ԲՀԿ-ի քաղաքական օրակարգը շարունակում է մնալ նույնը, այն է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը։
Լրագրողների դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել Նիկոլ Փաշինյանին, Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց՝ այդ հանդիպումը տևել է 3-4 րոպե, և Գագիկ Ծառուկյանն էլ հրապարակային հայտնել է, թե ինչ է պահանջել Փաշինյանից։
«Նիկոլ Փաշինյանի հեռացման հարցում մեր օրակարգը համընկնում է ՀՓՇ-ի օրակարգի հետ, իսկ մարտավարական առումով կարող են տարակարծություններ լինել։ Այդտեղ կան տարբեր քաղաքական ուժեր, և այդ կուսակցությունները սիամական երկվորյակներ չեն, որ բոլոր հարցերում միակարծիք լինեն»,- նկատեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ստեփան Դանիելյան. Գերիները ոչ միայն Ադրբեջանի պատանդներն են, այլև գործող իշխանության
- Տիգրան Աբրահամյան. Ի՞նչ է հանրությունից ռազմագերիների հարցով թաքցնում իշխանությունը
- Լավրովը հայ ռազմագերիների վերադարձի մասին. Հայկական կողմից ցուցակները ներկայացվել են ոչ միանգամից ու ոչ ամբողջական