Ինքնակամ շինությունների օրինականացման համար մինչև տարեվերջ կգործեն նախկին կադաստրային արժեքները
Խորհրդարանը քննարկում է «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։
ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի խոսքով, ներկայացված նախագծով առաջարկվում է, որ ինքնակամ շինություններն օրինականացնելու համար մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը դիմած իրավաբանական կամ ֆիզիկական անձանց համար գործեն նախկին կադաստրային արժեքները:
«Այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ են մտել անշարժ գույքի նոր կադաստրային արժեքները՝ շուկայականին մոտարկված, որոնք մի քանի անգամ ավելի բարձր են, քան նախկինում գործող կադաստրային արժեքները։ Եվ դա խնդիր է առաջացրել»,- ասաց պատգամավորը։
Բաբկեն Թունյանը տեղեկացրեց, որ կան քաղաքացիներ, որոնք հողամասեր են ձեռք բերել՝ հետագա վճարման պայմանով, և նրանք, գործող կարգով, երբ էլ վճարելու լինեն, պետք է այդ պահի կադաստրային արժեքով վճարում անեն:
«Կային մարդիկ, որոնք այդ վճարը չեն կարողացել կատարել և նախատեսել են վճարել, օրինակ՝ այս տարի: Եվ որպեսզի նրանք լրացուցիչ ֆինանսական բեռ չունենան, մենք հնարավորություն ենք տալիս հին արժեքով վճարելու։ Եթե 2021-ի ընթացքում իրենք հետագա վճարման պայմանով ձեռք բերված գույքի կամ հողակտորների համար վճարում կատարեն, իրենց համար կգործեն նախկին կադաստրային արժեքները»,- տեղեկացրեց պատգամավորը։
Բաբկեն Թունյանի խոսքով, այս նախագծով ևս երկու փոփոխություն է կատարվելու:
«Առաջին. նրանց համար, ովքեր մինչև 2020-ի դեկտեմբերի 15-ը դիմել են հողի նպատակային նշանակության փոփոխության համար, դրական եզրակացության դեպքում, կգործեն նախկին կադաստրային արժեքները: Եվ երկրորդ. այն քաղաքացիները, որոնք մինչև 2021 թվականի հունվարի 31-ը կդիմեն համապատասխան մարմիններին՝ ինքնակամ շինությունները օրինականացնելու համար, նույնպես կօգտվեն նախկին կադաստրային արժեքներով վճարելու հնարավորությունից»,- ներկայացրեց իմքայլական պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին