Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ղազախստանի դեսպանի հետ
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թեմուր Ուրազաևին։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Նորին Սրբությունն իր գնահատանքն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում երկու երկրների միջև հարաբերությունների և համագործակցության զարգացման գործում ներդրած ջանքերի համար:
Վեհափառ Հայրապետը նաև գոհունակությամբ անդրադարձավ Մայր Աթոռի և Ղազախստանի Հանրապետության միջև ձևավորված սերտ գործակցությանը, մասնավորապես միջկրոնական երկխոսության կազմակերպման ոլորտում, Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների համագումարի շրջանակներում։
Դեսպան Թեմուր Ուրազաևն իր հերթին գնահատանքով է խոսել հայ-ղազախական փոխհարաբերությունների, ինչպես և Հայաստանում ծառայության տարիների իր տպավորությունների և Ղազախստանում ապրող հայ համայնքի մասին։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել արցախյան պատերազմին, հետպատերազմյան դժվարություններին և առկա խնդիրների հաղթահարման ուղիներին։
Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը դիվանագիտական առաքելությունն ավարտող դեսպանին մաղթել է արգասաբեր գործունեություն և հաջողություններ հետագա ծառայության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին