Կբացառվի ավտոմեքենաների՝ շահագործման ժամկետը լրացած գազաբալոնների լիցքավորումը
ՀՀ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։
ՀՀ ՏԿԵ փոխնախարար Արման Սիմոնյանի խոսքով, օրենքի նախագծով նախատեսվում է բացառել լիցքավորման կայաններում ավտոտրանսպորտային միջոցների՝ շահագործման ժամկետը լրացած կամ վկայագրում չանցած գազաբալոնների լիցքավորումը:
«Առաջարկվում է լիցենզավորել ՀՀ-ում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին»,- նշեց նա:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ առաջարկվում է նաև ՀՀ կառավարությանը օրենքով տալ լիազորություն՝ սահմանելու սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման կարգը և նշված գործունեություններն իրականացնող կազմակերպությունների արտադրական բազաների և ինժեներատեխնիկական անձնակամի որակավորմանը ներկայացվող պահանջները, բացառել լիցքավորման կայաններում շահագործման ժամկետը լրացած կամ վկայագրում չանցած գազաբալոնների լիցքավորումը:
«Նախագծով սահմանվում են նաև վերահսկողական լծակներ՝ վարչական պատասխանատվության ենթարկելով սահմանված պահանջները խախտողներին: Ակնկալվում է գազաբալոնային համակարգով վերասարքավորված տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության բարձրացում»,- ներկայացրեց ՏԿԵ փոխնախարար Արման Սիմոնյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին