Ամբողջ աշխարհում արևածաղկի և եգիպտացորենի ձեթի շուկաներում նկատվել է գնաճ. Գեղամ Գևորգյան
«Ձեթի, կարագի, ալյուրի և բենզինի շուկաներն այժմ ուսումնասիրվում են»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։
Նրա խոսքով, արդեն հաջորդ շաբաթ պարզ կդառնա՝ վերոնշյալ ապրանքների շուկաներում նկատվող գնաճը օբյեկտիվ է, թե՞՝ ոչ։
«Նախնական տվյալներով՝ համաշխարհային շուկաներում ունենք գների բարձրացում, բայց դրանք պատշաճ ձևով են մեզ մոտ արտացոլվել, թե՝ ոչ, ցույց կտա փորձաքննությունը։ Ամբողջ աշխարհում արևածաղկի և եգիպտացորենի ձեթի շուկաներում նկատվել է գնաճ։ Դեռևս ուսումնասիրությունը շարունակվում է։ Մենք վերցնում ենք դրսի գները, որտեղից ապրանքը ձեռք է բերվում, ապա հաշվում ենք տրանսպորտային ծախսերը, ինչպես նաև շահերը, որպեսզի հասկանանք՝ արդարացված է գնաճը, թե՞՝ ոչ»,- նշեց Գեղամ Գևորգյանը։
Ըստ նրա, ՏՄՊՊՀ-ն ստուգում է, թե ինչպե՞ս է աշխատում տնտեսվարողը, և վերջինս պարտավոր է հիմնավորել՝ ինչու է ապրանքը թանկանում, կա՞ն արդյոք հաշվարկված հիմնավորումներ։
Դիտարկմանը, որ ձեթի շուկայում ամենալուրջ թանկացումներն են նկատվում, ո՞րն է պատճառը, արդյո՞ք արևածաղկի և եգիպտացորենի պաշարների դեֆիցիտ կա, Գեղամ Գևորգյանն արձագանքեց՝ հիմա հենց այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում։
«Առանց այդ աշխատանքների արդյունքների ոչինչ չեմ կարող ասել։ Յոթ հոգանոց հանձնաժողով կա, վերլուծություն է անում։ Առաջին ազդակը գալիս է, մենք արդեն վերցնում և սկսում ենք հետաքննություն իրականացնել»,- նկատեց նա։