Պետությանը պատճառվել է 5,5 մլրդ դրամի վնաս՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար
ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևանի Վաղարշյան փողոցի շենքերից մեկում, առանց պետական գրանցման և հատուկ թույլտվության՝ լիցենզիայի, կազմակերպվում են «պոկեր» կենդանի խաղեր, ինչպես և ապօրինի կերպով շրջանառվում են տարբեր տեսակի թմրանյութեր։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Տեղեկությունների հիման վրա ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողներն իրականացրել են օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումներ՝ համագործակցելով ՊԵԿ ներքին անվտանգության վարչության ծառայողների հետ։ Արդյունքում՝ պարզվել է հետևյալը։ Քննությանը հայտնի տվյալներով՝ նախորդ տարվա նոյեմբերից Վաղարշյան 15/15 հասցեում, առանց պետական գրանցման ու լիցենզիայի, «պոկեր» տեսակի շահումով խաղերը վարձու խաղավարների միջոցով կազմակերպել է Երևանում բնակվող, 34-ամյա մի տղամարդ։
Մասնակիցների շահումից 3-ից 4 տոկոս գանձումներ կատարելով՝ ապօրինի խաղատունը շահումով խաղեր կազմակերպելու յուրաքանչյուր օր ստացել է 500 հազարից 600 հազար դրամ շահույթ: Այս ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով, միայն հատուկ թույլտվության պետական տուրքի մասով, պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 5 միլիարդ 500 միլիոն դրամի վնաս։
Հունվարի 17-ին իրականացվել է հատուկ միջոցառում, որի շրջանակներում ապօրինի խաղատանը հայտնաբերվել են ու ՔՈԳՎ բերման ենթարկվել 10 անձինք։ Ապօրինի խաղատանը կատարված զննությամբ, բացի խաղատնային պարագաներից, հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող մի քանի գրամ քաշով զանգված։ Դեպքի առթիվ ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է ՊԵԿ քննչական վարչություն։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան