Դուք իմ հարցի հասցեատերը չեք, խնդրում եմ զբաղեցնել Ձեր տեղը. Անի Սամսոնյանը՝ փոխվարչապետին
«Պարո՛ն Փաշինյան, նոյեմբերի 10-ից հետո, երբ եռակողմ հայտարարությունն արդեն իրողություն էր, դուք իրականացրել եք եղած ինը կետերից յոթը»,- այսօր խորհրդարանում Կառավարություն-ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։
Նրա խոսքով, գործընթացը կանգ է առել ութերորդ և իններորդ կետերի վրա, որոնցից մեկը Ադրբեջանի պարտականությունն է, այն է՝ Հայաստանին վերադարձնել բոլոր ռազմագերիներին՝ առանց ձգձգումների և առանց շահարկումների։
«Իններորդ կետը կապված է կոմունիկացիաների հետ, որը որքան էլ դուք փորձեք ներկայացնել երկկողմանի շահավետ գործարք, այդքան էլ այդպես չէ։ Ենթադրենք, որ դուք չեք պատկերացրել, որ Ադրբեջանը օր առ օր կվերցնի Արցախի բոլոր շրջանները, բայց համառորեն չի տա հայ ռազմագերիներին, բայց հունվարի 11-ին Մոսկվա գնալուց առաջ դուք հայտնեցիք, որ գնում եք գերիների հարցը կարգավորելու։ Ինչո՞ւ հայկական կողմը գերիների հարցով ՌԴ մայրաքաղաքից վերադարձավ գլխիկոր»,- հարց հնչեցրեց պատգամավորը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին։
Սակայն, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, նայելով ԱԺ փոխխոսնակին, ցույց տվեց, որ հարցին պետք է պատասխանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ուստի Ալեն Սիմոնյանը ամբիոնի մոտ կանչեց Մհեր Գրիգորյանին։
Վերջինս էլ, պատասխանելով Անի Սամսոնյանի հարցին, ասաց, որ պայմանագրի ութերորդ կետը կատարման ընթացքում է, և մասնակի կատարվել է, իսկ իններորդ կետը կատարման նախնական փուլում է, և սխալ է կարծել, որ իններորդ կետի կատարումը չի նպաստի ութերորդ կետի կատարմանը։
Արձագանքելով Անի Սամսոնյանը հետաքրքրվեց, թե փոխվարչապետը հարցին պատասխանում է ի՞ր ցանկությամբ թե՞՝ Նիկոլ Փաշինյանի ցուցումով։
«Եթե դուք իմ հարցին պատասխանում եք Ձեր ցանկությամբ, ապա դուք իմ հարցի հասցեատերը չեք, եթե դուք իմ հարցին պատասխանում եք Նիկոլ Փաշինյանի ցուցումով, ապա դա նշանակում է, որ ինչպես Մոսկվայում նա չկարողացավ լուծել այդ հարցը, այնպես էլ այստեղ ունակ և կարող չէ իմ հարցին տալ պաստասխան։ Հետևաբար խնդրում եմ զբաղեցնել Ձեր տեղը, ես Ձեզ արձագանքելու ոչինչ չունեմ»,- ասաց Անի Սամսոնյանը։
Ի պատասխան Մհեր Գրիգորյանը նկատեց՝ հարցը շատ լուրջ է, և երբ այն տրվում է, պետք է մնալ դրա կարևորության շրջանակում։
«Այն, ինչ ասում եք, ես ինձ թույլ չեմ տա մեկնաբանել։ Մնում եմ Ձեր հարցի շրջանակում, և իմ պատասխանը մնում է՝ որպես Ձեր հարցի պատասխան»,- եզրափակեց խոսքը Մհեր Գրիգորյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ԱԳՆ շենքի դիմաց ռազմագերիներին ազատելու պահանջով ակցիան շարունակվում է
- ՀՀ պետական իրավասու մարմինը պետք է հրապարակի հայկական կողմի գերիների թիվը. ՄԻՊ
- Մոսկվայում հայազգի գործիչը ԱԳՆ դիմաց պահանջում է ազատ արձակել հայ ռազմագերիներին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին