Արկադի Խաչատրյանը խնդրում է տրամադրել կորոնավիրուսի պայքարի վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքներ
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը գրում է.
«Սիրելի հայրենակիցներ,
Ինչպես տեղյակ եք, դեռևս 2020 թվականին ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների նախաձեռնությամբ՝ իրավունքի ուժով ստեղծվել է Նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համավարակի հետևանքները մեղմելու կամ վերացնելու ուղղությամբ Կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը:
Օբյեկտիվ պատճառներով, մասնավորապես պատերազմական գործողություններով և երկրում հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված, Քննիչ հանձնաժողովի ձևավորումը և գործունեությունը հետաձգվեց:
Ըստ այդմ՝ տեղեկացնում եմ, որ ս.թ. հունվարի 12-ին ԱԺ Նախագահի կարգադրությամբ հաստատվել է Քննիչ հանձնաժողովի անհատական կազմը։
Նշված փաստի ուժով և իր ամբողջական կազմով Հանձնաժողովը այժմ ստանձնում է իր լիազորությունները և սկսում իր գործունեությունը:
Քննիչ հանձնաժողովի նպատակն է իր լիազորությունների և ունեցած գործիքակազմի շրջանակներում վերհանել ուսումնասիրության բոլոր ուղղություններով հանրությանը հուզող առկա խնդիրները, ուսումնասիրել դրանց լուծմանն ուղղված Կառավարության և պարետատան միջոցառումները և գնահատել դրանց արդյունավետությունը:
Այս ամենի վերջնանպատակը պետք է լինի ապագայում նմանատիպ համավարակներին դիմակայելու, դրանք կանխարգելելու մեր երկրի առողջապահական համակարգի և առհասարակ որոշումների կայացման ինստիտուցիոնալ կարողությունների մածացումը:
Միևնույն ժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Քննիչ հանձնաժողովը ունի սահմանափակ ռեսուրսներ և հնարավորություններ, վերջինիս գործունեության արդյունավետության ապահովման նպատակով մեզ անհրաժեշտ կլինի հանրության հետ սերտ համագործակցություն, ուստի՝
Ես կոչով դիմում եմ մեր հանրությանը, հատկապես մասնագիտական և փորձագիտական շրջանակներին, ԶԼՄ-ներին՝ աջակցել Հանձնաժողովին՝ կիսվելով իրենց ուսումնասիրությունների և հետազոտությունների արդյունքներով, իրենց արձանագրած խնդիրներով, այն հարցերով, որոնք կցանկանան, որպեսզի ուղղվեն Կառավարությանը, որպեսզի հնարավորինս լույս սփռվի իրենց մտահոգող հարցերի վրա:
Դրանք պետք է վերաբերվեն՝
-Նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելուն,
-այդ վիրուսի դեմ պայքարին,
-համավարակի հետևանքները մեղմելուն կամ վերացնելուն (այդ թվում՝ հակաճգնաժամային միջոցառումներին, տրամադրված օգնություններին և այլն),
- ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների սահմանափակումներին,
-և այս ամենի ուղղությամբ Կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությանը:
Հանձնաժողովը արդեն ունի էլ.հասցե՝ [email protected] :
Ես խնդրում եմ բոլոր Ձեր հարցերը, ուսումնասիրությունների արդյունքներն ու առաջարկները ուղարկել այդ էլ. հասցեին:
Միաժամանակ ես ուզում եմ հույս հայտնել, որ մեր Քննիչ հանձնաժողովը կգործի կառուցողական, գործընկերային միջավայրում, կդրսևորվի քաղաքական կամք, մեր առջև դրված խնդիրները արդյունավետ լուծելու և արդյունքները հանրությանը ներկայացնելու համար:
Բոլոր մեր այն գործընկերներին, ովքեր մտահոգություններ են հայտնում այս Քննիչ հանձնաժողովի գործունեության հնարավոր անարդյունավետության վերաբերյալ, կոչ եմ անում ընդգրկվել Հանձնաժողովի աշխատանքներում և սեփական օրինակով և արդյունավետ աշխատանքով ցույց տալ, թե ինչպիսին պետք է լինի Քննիչ հանձնաժողովի անդամը:
Շնորհակալություն»։