Մարուքյանը կլասիկ դեպուտատ է՝ ում ցավը վաղուց տարել է Գագիկ Ծառուկյանը. Ջավախյան
Գրող Լևոն Ջավախյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Որքան ամբիցիոզ, անամոթ ու իշխանատենչ պիտի լինի քաղաքական գործիչը, որ չսպասելով անգամ իր զինակցի օժանդակությանը՝ ինքը բարձրաձայնի իր քաղաքական մտադրության մասին։ Նման կերպ էր վարվում Նիկոլ Փաշինյանը, երբ Հանրապետության հրապարակում գոչում էր.
֊Ժողովուրդ, համաձա՞յն եք, ես լինեմ ձեր վարչապետը...
Այդպես է վարվում և Էդմոն Մարուքյանը՝ անսքող հավակնությամբ հայտարարելով իր փափագի մասին։ Ես չեմ կարծում, թե նրան առաջ է մղում հայրենքի նկատմամբ տածած սերը, վճռականությունը՝ պետության առջև ծառացած հարցերի լուծման առումով. պարզապես նա քնում և արթնանում է՝ վարչապետի աթոռին նստած, որտեղ բացի իրենից՝ փողն է, դիրքը, վայելքները, փառքը, իշխանությունը...
Վարչապետի պաշտոնը մեծագույն պատասխանատվություն է, որի հավակնորդին պիտի առաջադրի ժողովուրդը ու նաև քաղաքական մերիտոկրատիան,այլ ոչ ինքնակոչը։ Եվ եթե հարկն է՝ ազգովի պիտի խնդրենք, աղաչենք, պաղատենք արժանավորին, որպեսզի նա համաձայնի իր անցավ գլուխը դնել մեծագույն ցավի տակ, որ կոչվում է՝ պատերազմից բզկտված, տնտեսապես քայքայված, ֆինանսական կոլապսի եզրին կանգնած պետություն։
Ու՞մ հայտնի չէ, թե ո՞վ է Էդմոն Մարուքյանը։ Նրա «Լուսավոր Հայաստանը» Նիկոլ Փաշինյանի Քաղ. պայմանագրի հետ վերընձյուղված միևնույն ծառի տարբեր ճյուղն է, նույն ծրագրի իրականացման «զապասնոյ վարիանտը...»։
Նա իր համար թերևս կլասիկ դեպուտատ է՝ ում ցավը վաղուց տարել է Գագիկ Ծառուկյանը, իսկ ինձ համար՝ միայն և միայն գլխացավանք... Ամեն դեպքում զզվելի է, երբ մարդը թռչելով բոլորի գլխի վրայով՝ ինքն իրեն տեսնում է, որպես հանուրի գլխին բազմած գերագույն անձ և ոչ ամենևին ազգի ծառա։ Անհարմար է, անպարկեշտ, ամոթալի, երբ անհագուրդ տենչում ես դեպի իշխանություն, չխորշելով անգամ շեշտել սեփական անձի գերազանցությունը ամենքից։ Էդ որ բարձր ամբիոնից խելոք, բարդ ու խուճուճ մտքեր եք արտահայտում, բա չեք հասկանու՞մ, որ ինչ կմտածի ձեր մասին սովորական ընտրողը, երբ մերկ անկեղծությամբ խոսում եք ձեր բաղձանքի մասին։ Գոնե այդ մասին ուրիշը հայտարարեր... Բայց մարդը անհամբեր է, անհագ, փառքի ծարավ... Չգիտեմ հանրությունն ինչպես, բայց ես ամենևին չեմ հավատում Լուսավոր Հայաստանի բերած լույսին...»: