ՊԵԿ ղեկավարը չի եկել և չի պարզաբանել՝ ինչու է «Լիդիան Արմենիան» 2000-ից ավելի ջահեր ներկրել. Բագրատյան
«Երեկ ես իմ գլխավորած հանձնաժողովի աշխատանքների արդյունքներհը ներկայացնելիս հայտնեցի, որ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը չի եկել հանձնաժողով, թեև իմ կողմից և՛ գրավոր, և՛ էլեկտրոնային հրավեր է եղել։ Եվ քանի որ պարոն Անանյանը իր ֆեյսբուքյան էջում հերքել է իմ այդ հայտարարությունը, ես բերել և ձեզ եմ ներկայացնում այդ նամակների օրինակները»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանում քննարկվում էին Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքները։
Ըստ պատգամավորի, հանձնաժողովի աշխատանքները տուժել են Դավիթ Անանյանի՝ ԱԺ չներկայանալու և հարցերին չպատասխանելու պատճառով։
«Մեզ համար խիստ կարևոր էր հասկանալ՝ «X» ընկերության ծախսային մասում կայի՞ն հավելագրումներ, թե՞՝ ոչ։ Այդ պարզաբանումը կարող էր տալ միայն ՊԵԿ-ը, քանի որ մաքսային սահմանը հատած ապրանքների մասին էր խոսքը։ Այդ հարցի պատասխանը չստացանք և դրանով իսկ չկարողացանք ապացուցել տվյալ գործընթացի հավաստիությունը։
Քանի որ ապացույց չունեմ, կդժվարանամ խոսել այդ ընկերության մասին, բայց հայտնի ընկերության մասին է խոսքը, որի ծախսային մասում կան ներկրումներ, որոնք այդպես էլ չկարողացանք բացահայտել։ Սա գալիս է ասելու, որ մենք քննիչ հանձնաժողովների աշխատանքը լիակատար չենք կարող կազմակերպել, եթե չլինի պատկան մարմինների օժանդակությունը։ Ես երեկ այդ մասին էի ասում, բայց ցավոք, իշխանության ներկայացուցիչները այդ հայտարարությունը որակեցին՝ որպես իմ կողմից արված ոչ պատշաճ աշխատանք»,- նկատեց պատգամավորը։
Այնուամենայնիվ, Սերգեյ Բագրատյանը նշեց, որ խոսքը «Լիդիան Արմենիա» ընկերության մասին է, որի ներկրումների հետ կապված խնդիրներ կային, և դրանք բացահայտելու համար անհրաժեշտ էր ՊԵԿ-ից հստակ պատասխաններ ունենալ։
«Հրավերն ուղարկվել է, և ցավոք սրտի, պարոն Անանյանը չի ներկայացել հանձնաժողովի նիստին»,- նշեց նա։
Պատգամավորը հայտնեց, որ խոսքը մի քանի միլիարդ դրամի ներկրումների մասին է, սակայն դրա վերաբերյալ ապացույցներ հնարավոր չի եղել ձեռք բերել։
«Խնդիր էր հասկանալ, թե ինչի համար է «Լիդիան Արմենիան» 2000-ից ավելի ջահեր ներկրել. դրանք չեն առնչվում հանքարդյունաբերությանը։ Բայց ՊԵԿ ղեկավարը չներկայացավ՝ բացատրություններ տալու»,- եզրափակեց խոսքը պատգամավորը։