Կհեշտացվի գյուղատնտեսական նշանակության հողերն արդյունաբերականի փոխակերպելու գործընթացը
Խորհրդարանը քննարկում է «ՀՀ Հողային օրենսգրքում» լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի խոսքով, նախագծով առաջարկվում է Կառավարությանը տալ հնարավորություն, որպեսզի վերջինս, անհրաժեշտության դեպքում կարողանա գյուղատնտեսական նշանակության հողերը դասակարգել՝ որպես չօգտագործվող հողեր։
«Փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս ՀՀ բոլոր մարզերում առկա է գյուղատնտեական նշանակության հողերի չմշակման պրակտիկա, բայց որևէ կերպ սահմանված չէ՝ ինչպես կարելի է այդ հողերի կատեգորիան փոխել, կամ ինչ չափանիշնեիրով կարելի է այդ հողերը դասակարգել»,- նկատեց նա։
Ըստ էկոնոմիկայի փոխնախարարի, այսօր շատ է խոսվում չօգտագործվող հողերի մասին, և ոչ մի հաշվառում ներկա պահին չկա, թե ինչ պատճառով այդ հողերը չեն օգտագործվում, իսկ այս նախագիծը հնարավորություն կտա դրանք հաշվառել, դասակարգել և այնուհետև քաղաքականություն վարել, որպեսզի ավելի կանոնակարգված լուծվի վերոնշյալ խնդիրը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Ատոմյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք նախագծով հնարավորություն կտրվի գյուղատնտեսական նշանակության չօգտագործվող հողերի կարգը փոխել և օգտագործել դրանք արդյունաբերական նպատակներով։
Ի պատասխան՝ էկոնոմիկայի փոխնախարարն ասաց՝ այո։
«Հողի կատեգորիան փոխելն ավելի է դյուրինացվելու։ Մենք որդեգրել ենք քաղաքականություն, ըստ որի՝ այն հողատարածքները, որոնք այդքան էլ հարմար չեն մշակման համար, ավելի հեշտացված ձևով կփոխակերպեն արդյունաբերական հողատեսքերի։ Այդպիսով կկարողանանք խթանել գյուղական համայքներում ոչ գյուղատնտեսական արտադրությունների ստեղծումը»,- նշեց Արման Խոջոյանը։