Կարգելվի մայթերին վաճառքի կամ վարձակալության համար նախատեսված մեքենաների կայանումը
Խորհրդարանը քննարկում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով, նախագծով առաջարկվում է լուծել մայթեզրերին տրանսպորտային միջոցների վաճառքի ու վարձույթի խնդիրը:
Ըստ նրա, շատ են դեպքերը, երբ մայթեզրերի վրա կազմակերպվում է տրանսպորտային միջոցների վաճառքը կամ վարձույթը և կան դեպքեր, երբ մայթեզրերը վերածվել են ավտոմեքենաների վաճառքի «շուկաների»:
«Մենք այժմ առաջարկում ենք, որ այդ «շուկաները» տեղափոխեն այլ վայրեր, որոնք նախատեսված կլինեն համայնքի կամ տնտեսավարող սուբյեկտների կողմից, կհամապատասխանեն օրինագծի չափանիշներին, որտեղ անհատները կամ սուբյեկտներն առավել բարենպաստ պայմաններում կկարողանան կազմակերպել իրենց մեքենաների վաճառքը կամ վարձույթը»,- նկատեց պատգամավորը։
Նա ներկայացրեց ընթացակարգը, ըստ որի՝ համայնքի ղեկավարը դիմում է ներկայացնում համայնքի ավագանուն, որպեսզի վերջինս հաստատի ցանկը, թե որտեղ չի կարելի կազմակերպել ավտոմեքենաների վաճառք և վարձույթ, և այն հատվածներում, որոնք ներառված չեն լինի նշված ցանկում, հնարավոր կլինի մեքենաների վաճառք և վարձույթ իրականացնել։
Պատգամավորը հավելեց, որ օրենքը ուժի մեջ կմտնի 2021 թվականի հուլիսի մեկից։