Տնտեսվարողներն անընդհատ փորձում են այլ հնարքների դիմել. ՊԵԿ ներկայացուցիչ
2020 թվականին ՊԵԿ Հետբացթողումային հսկողույթան վարչության կողմից իրականացվել է 93 մաքսային ստուգում, արձանագրվել 558 միլիոն դրամի խախտումներ: Ասուլիսում թվային տվյալները հայտնեց ՊԵԿ-ի Հետբացթողումային հսկողության վարչության պետ Արմեն Սաֆարյանը՝ համեմատության համար նշելով, որ 2019 թվականին 76 մաքսային ստուգում էր իրականացվել, արձանագրվել էր 304 միլիոն դրամի խախտում:
Նա ստուգումների ու արձանագրված խախտումների աճը կապում է բարեփոխումների, վերլուծական կարողությունների ավելացման հետ:
Արմեն Սաֆարյանն ասաց, որ հիմնական խնդիրները երեք ուղղության են բաժանում: Առաջին՝ ապրանքների սխալ դասակարգում, երբ մեկ խմբից մեկ այլ խմբում է դասակարգվում, մեկ թվի փոփոխությունը ապրանքը կարող է մեկ ապրանքային խմբից տեղափոխի այլ խումբ, որտեղ, օրինակ, մաքսատուրքերն ավելի ցածր են, քան այն խմբում, որտեղ պետք է լիներ:
Երկրորդ՝ հաշիվ ապրանքագրերում ներմուծվող ապրանքների սխալ տեղեկություններ ներկայացնելն ու արժեքների նվազեցումը: Կան դեպքեր, երբ հակառակն է՝ եղածից ավելի են ներկայացում, դա էլ այլ ուղղվածություն է:
Երրորդ՝ մաքսային հայտարարագրում ապրանքների ոչ ամբողջական նկարագրումը, որը նույնպես իր հետևանքներն ունի:
«Տնտեսվարողները, երբ փորձում են խեղաթյուրել տվյալները, ինքնանպատակ չէ, հետագայում իր ամբողջ շղթայում, նաև հարկային դաշտում, պետք է փորձեն հասցնեն իրենց տրամաբանական ավարտին»,- նշեց ՊԵԿ ներկայացուցիչը:
Նրա խոսքով, ռիսկային խմբերում ներգրավված տնտեսավարողների մոտ հայտնաբերում են պարբերաբար կրկնող խախտումներ, ինչը խոսում է միտումի մասին:
Հարցին՝ երբ որևէ ուղղությամբ վարչարարությունը խստացվում է, տնտեսվարողները փորձո՞ւմ են այլ մեթոդների դիմել, Ա. Սաֆարյանը պատասխանեց, որ դա դեմ անվերջ պաքար են տանում. «Մենք անընդհատ հզորացնում ենք մեր կարողությունները, տնտեսվարողները փորձում են այլ հնարքների դիմել, փորձում ենք այդ ռիսկերը չեզոքացնել: Այս պայքարն անընդհատ շարունակվում է»: