ԱԺ-ն վավերացնում է Կանաչ կլիմայական հիմնադրամի հետ համագործակցության համաձայնագիրը
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանը այսօր խորհրդարանում ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կանաչ կլիմայական հիմնադրամի միջև» հիմնական համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
Փոխնախարարը հայտնեց, որ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի անդամ 194 երկրների մասնակցությամբ 2010 թվականին ստեղծվել է Կանաչ կլիմայի հիմնադրամը, որպես զարգացող երկրների կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության ծրագրերի իրականացման ֆինանսական նոր մեխանիզմ:
Նրա խոսքով՝ հիմնադրամի հիմնական գործառույթն է աջակցել և ֆինանսական միջոցներ տրամադրել զարգացող երկրներին ջերմոցային գազերի արտանետումների կրճատման համար՝ ապահովելով նրանց անցնցում անցումը ցածր ածխածնային և կլիմայի նկատմամբ դիմակայուն համակարգի:
«Փարիզյան համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների շրջանակներում զարգացող երկրները պաշտոնապես հայտարարել են 2020 թվականից սկսած տարեկան 100 մլրդ. ԱՄՆ դոլարի համարժեք հանձնառության վերաբերյալ, որը կուղղվի կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության գործողության իրականացմանը, այդ թվում՝ նաև հիմնադրամի միջոցով»,- հայտարարեց փոխնախարարը:
Տեղեկացնելով, որ Հայաստանում Կանաչ կլիմայի հիմնադրամի լիազորված ազգային մարմինը Շրջակա միջավայրի նախարարությունն է՝ փոխնախարարը հայտնեց, որ ներկայում ծրագրի ֆինանսավորմամբ ՀՀ-ում արդեն իրականացվում է 30 մլն ԱՄՆ դոլարի երկու դրամաշնորհային ծրագիր:
Նա հայտնեց, որ Հայաստանը դիմել էր հիմնադրամին «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում» նախագծի ֆինանսավորման համար և 2016թ-ին ստացել է հաստատում 20 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհի համար, որը ԱՊՀ-ում առաջին ֆինանսավորումն է:
Տիգրան Սիմոնյանը շեշտեց, որ համաձանագրի վավերացմամբ կապահովվեն պայմաններ հիմնադրամի հետ համագործակցության դյուրացման և վստահության երաշխիքների ապահովման համար:
Ըստ փոխնախարարի, համաձայնագրի վավերացումը անհրաժեշտ է ծրագրերի արդյունավետ ընթացքն ապահովելու համար, քանի որ հիմնադրամի կողմից ֆինանսավորված ծրագրերը, ըստ առկա կանոնակարգերի, ենթակա են մոնիթորինգի և այդ առումով կարիք կլինի այդ կառույցի աշխատակիցների այցերի կազմակերպում Հայաստան:
Հարակից հրապարակումներ`
- Ծխախոտի ակցիզային հարկի դրույքաչափերը կբարձանան. Արման Պողոսյան
- ԱԺ-ն ընդունեց «կարմիր գծերի» մասին մի շարք այլ օրենքներ