Ջանջուղազյանը հրաժարվեց պատասխանել՝ արդյո՞ք համահայկական հիմնադրամից նոր գումարներ կփոխանցվեն Կառավարությանը
«Պատերազմի օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցվել է շուրջ 170 մլն դոլար գումար։ Խնդրում եմ ներկայացրեք՝ հիմնականում ի՞նչ ուղղություններով են ծախսվել այդ գումարները, և որքա՞ն մասն է փոխանցվել Կառավարությանը։ Պատասխանեք նաև՝ արդյո՞ք նոր փոխանցումներ սպասվում են Կառավարությանը»,- այսօր խորհրդարանում Կառավարություն-ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ, դիմելով ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին, նման հարց բարձրացրեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանը։
Ի պատասխան՝ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ թվարկված հարցերն իրենց պատասխանը կունենան, բայց ոչ ԱԺ-Կառավարություն հարց ու պատախանի ձևաչափով, քանի որ ժամանակը չի բավարարի։
«Երբ ներկայացվում էր 2021 թվականի բյուջեի նախագիծը, ասվել է, որ 52.7 մլն դրամ է փոխանցվել Կառավարությանը, և նաև ներկայացվել է, թե ինչ տրամաբանությամբ է օգտագործվել այդ գումարը։ Պարզ է, որ այն, ինչ դուք հարցնում եք, թե կոնկրետ ինչի համար ենք գումարն օգտագործել, հաշվետվության ձևով ներկայացրել ենք հիմնադրամին։ Իրականացվել են ռազմական գործողությունների հետ կապված ծախսեր, որոնք այլ հավասար պայմաններում չէին իրականացվելու։ Դրանց ծավալը, հաշվետվությունը ներկայացնելու պահին 101 մլն դրամ էր, խոսքը վերաբերում է ռազմական գործողություններով պայմանավորված լրացուցիչ միջոցառումների համար արվող հատկացումների ծավալին։ Բայց դա, բնականաբար ավելացել է»,- ներկայացրեց Ատոմ Ջանջուղազյանը։
Արձագանքելով՝ Հրանտ Այվազյանը նշեց, որ բավարարող պատասխան չստացավ, ուստի գրավոր հարցմամբ կդիմի նախարարությանը՝ հույս ունենալով, որ կարձագանքեն իր հարցմանը։
«Խնդրում եմ պատասխանել՝ առաջիկայում նախատեսվո՞ւմ է «Հայաստան» համահայկական հիմնադրամից գումար փոխանցել Կառավարությանը»,- կրկնեց իր հարցը պատգամավորը։
Ատոմ Ջանջուղազյանն էլ ներողություն խնդրեց, որ իր պատասխանը չի տարբերվել է պատգամավորի ունեցած վարկածից, և հետևաբար չի գոհացրել վերջինիս։
«Չեմ անդրադառնա հարցին, նախ տեղեկությունը չունեմ, և երկրորդ՝ կարծում եմ, որ գրավոր հարցում կուղարկեք և կստանաք պատասխաններ։ Թեև երաշխիք չկա, որ այդ դեպքում պատասխանները Ձեզ կբավարարեն, բայց, այդուհանդերձ, վստահ եմ, որ մենք հնարավորություն կունենանք պատասխանել Ձեր բոլոր հարցերին։ Կուզեի ընդգծել, որ պետական բյուջեն այն միակ գործիքն է, որի միջոցով լուծվում են պետության խնդիրները, իսկ մյուս միջոցները գործիք են, որոնք կարող են օժանդակել պետական բյուջեին»,- եզրափակեց խոսքը ֆինանսների նախարարը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան