Պատերազմին հաջորդող երկու ամիսներին կառավարությունը պետք է նոր անվտանգային ռազմավարություն ներկայացներ. Խաչատրյան
«Հանրությանը հուզող շատ հարցեր կան, և մենք պետք է այդ հարցերի պատասխանները գտնենք ու ներկայացնենք»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն՝ անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունը քննող հանձնաժողովի աշխատանքներին։
Նրա խոսքով, կան դեպքեր, երբ ուշացած քայլերը մարդկային կյանքեր և տնտեսական լուրջ հետևանքներ են արժեցել, և այժմ էլ հանձնաժողովի աշխատանքները ցույց կտան՝ եղել են ուշացած քայլեր, թե՞՝ ոչ։
Դիտարկմանը, որ մինչ օրս կորոնավիրուսային հիվանդության հետևանքով Հայաստանում տասնյակ մահեր են գրանցվում, Արկադի Խաչատրյանն արձագանքեց՝ այդ խնդիրը գլոբալ է։
«Այդ պրոբլեմին բախվել են շատ երկրներ, խնդիրը հակաճգնաժամային քայլերի ու քաղաքականության մեջ է։ Եթե որոշումներն ավելի շուտ ընդունվեին, միգուցե նման ծավալով դեպքեր չունենայինք։ Մենք, իհարկե, հասկանում ենք, որ աշխարհում տեղի են ունենում համավարակի տարածման երկրորդ, երրորդ փուլեր, որոնք ունենք օբյեկտիվ հիմքեր։ Սակայն, ուսումնասիրության առարկա պետք է դառնան այն սուբյեկտիվ պատճառները, որոնց դեպքում կկարողանայինք ավելի արդյունավետ գործել»,- նշեց պատգամավորը։
Անդրադառնալով հետպատերազմյան շրջանում տնտեսական բարդ իրավիճակին՝ Արկադի Խաչատրյանն ասաց, որ ակնհայտ է՝ տնտեսական ճգնաժամը բավականին խորն է։
«Այն պայմանավորված է ինչպես կորոնավիրուսով, այնպես էլ՝ պատերազմով։ Սոցիալական բեռը պետության համար մեծացել է, և դա է պատճառը, որ մենք պնդում ենք՝ 2021 թվականի պետական բյուջեն պետք է վերանայվի, նոր ծրագիր պետք է բերվի։ Մենք պնդում ենք, որ նոր անվտանգային ռազմավարության մշակում պետք է լինի, որը կնախատեսի և՛ պաշտպանական, և՛ սոցիալ-տնտեսական բաղադրիչ։ Լուծումը տնտեսության արդիականացումն է և որակական շեշտադրումները»,- նկատեց նա։
Պատգամավորի կարծիքով, պատերազմին հաջորդող երկու ամիսների ընթացքում ՀՀ կառավարությունը պետք է նոր անվտանգային ռազմավարություն ներկայացներ, որտեղ համար մեկ խնդիրը կլիներ գերիների վերադարձը։
«Մենք հասկանում ենք, որ բազմաթիվ ընտանիքներ դեռ սպասում են մեր նահատակված զինվորների աճյուններին։ Սրանք անվտանգության հարցերին ածանցված խնդիրներ են։ Եվ առանց քաղաքական կայուն միջավայրի հնարավոր չէ այս խնդիրները լուծել։ Քաղաքական կայունացումից հետո պետք է անվտանգային խնդիրները լուծվեն և պետք է մշակվի անվտանգության նոր ռազմավարություն»,- կարծիք հայտնեց Արկադի Խաչատրյանը։
Դիտարկմանը՝ իմքայլականներն էլ պնդում են, որ հիմա երկրի թիվ մեկ խնդիրը ընդդիմությունն է, ԼՀԿ-ական պատգամավորն արձագանքեց՝ իշխանական խմբակցությունները միշտ նման հայտարարություններ անում են, բայց ընդդիմությունը կատարում է իր գործը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան