«Բարի կար». Արցախցու արտադրանքին սպասելիս
Խոհանոցի սրբիչներ, սփռոցներ, անկողիներ, մանկական հագուստ, մեծահասակների համար նախատեսված մեծ չափսի հագուստներ. շուտով հայ սպառողը հնարավորություն կունենա պատվիրել ռուսական հումքով Հայաստանում կարված արտադրանքից ցանկացածը։ Ապրանքանիշն էլ կկոչվի «Բարի կար», լոգոն արդեն պատրաստ է։
Արցախում պատերազմի հետևաքնով իրենց տներից զրկված Մատաղիսի, Քարվաճառի, Քաշաթաղի Հադրութի՝ ավելի քան մեկ տասնյակ նախկին բնակիչներ շուտով Բարի տնակում կարի դասեր կանցնեն։ Նախագծի աջակից անհատների ու կազմակերպությունների շնորհիվ կարի մեքենաները, մանեկեներն արդեն Հայաստանում են, տեղադրման փուլում են։
Ռուսաստանի Իվանովո քաղաքից էլ կտորի ներմուծման հարցի շուրջ քննարկումներն ու բանակցությունները շարունակում են։ «Հայրենիք տուր» ընկերությունը խոստացել է օգնել բեռների տեղափոխման հարցում։
««Բարի կար» նախագծի միտքն առաջացավ պատերազմից հետո, երբ բազմաթիվ կանայք կորցրեցին իրենց ամուսիններին, իսկ հազարավոր արցախցիներ մնացին անտուն։ Պատերազմի ընթացքում օգնում էինք տեղահանվածներին անհրաժեշտ պարագաներով, սնունդով` հույս ունենալով, որ բոլորը շուտով կվերադառնան իրենց տները։ Սակայն այսօր ունենք դաժան իրականություն, և մարդիկ պետք է ապրելու և ցավը հաղթահարելու ելքեր գտնեն»,-ասում է «Բարի մամա» ՀԿ նախագահ Մարինա Ադուլյանը։
Նա խոստովանում է, միաժամանակ նյարդայնացնող էր, որ Թուրքիայից ներկրված հագուստ վաճառող խանութների դիմաց ամանորին ընդառաջ մեծ հերթեր էին։
«Որոշեցինք, որ պիտի ստեղծենք հայկականը։ Այսպես ծնվեց մի գաղափար, որն իր շուրջ հանախմբեց հանգանակություն կատարող բազմաթիվ բարի մարդկանց։ Սկզբում մեր ԱՄՆ թիմից Անահիտ Թախթալյանը ստեղծեց ֆեյսբուքյան դրամահավաքի էջ, հավաքվեց մոտ 7000 ԱՄՆ դոլար։ Իսկ հետո մեզ միացավ նաև «Ավրորա» մարդասիրական հիմնադրամը` հանգանակելով նույնքան գումար»,-նախագծի կյանքի կոչման քայլերը մանրամասն նկարագրում է Մարինան։
Այժմ ընտրված են շահառուները, լավատեսություն ու հույս կա, որ ծրագրի ընդլայմանը զուգահեռ կավելանա շահառուների թիվը։
Մարինա Ադուլյանը ցավով է փաստում, մթերքի ու այլ տիպի օգնության դեպքում հայտերը մի քանի անգամ ավելի են լինում, քան սեփական աշխատանքով հաց վաստակելու հնարավորություն դեպքում է։
«Երբ հերթը հասնում է աշխատանքով օրվա հացը վաստակելուն, դիմողների թիվը զգալիորեն կրճատվում է։ Այս պահին ունենք 12 ընտրված, նախատեսում ենք փետրվարի մեկից անցնել գործի` առայժմ կարի արհեստը սովորելուն, իսկ մարտի մեկից նաև արտադրելուն»,-ասում է ՀԿ նախագահը։
Արցախցի կանանց կարելու հմտությունները կբացատրի, նրբություներն ու գաղտնիքները կփոխանցի առողջական խնդիրներ ունցեող երեխաների մայրը։ Նա էլ իր սոցիալական կարիքները հոգալու համար բարի մարդկանց շնորհիվ կարի դասեր է անցել ու այսօր արդեն օգտակար է լինում մարդկանց։
«Թեկուզ «Բարի մամա»-ի նպատակներն այլ են, բայց յուրաքանչյուրիս պարտքն է Հայրենիքի համար անել ավելին, քանի մինչ այդ արվել է ու օգնել այն մարդկանց, որոնք պատերազմի պատճառով հայտնվել են անելանելի ու դժվարին իրավիճակում»,-ասում է Մարինա Ադուլյանը։
Հարակից հրապարակումներ`
- Բարի տնակում ծերանոցի տատիկ-պապիկները հանդիպեցին մանկատան երեխաներին
- Մելքոնյան քույրերը կաջակցեն «Բարի Տնակի» կառուցմանը
- Panorama.am-ի «Բարի մաման» արժանացավ «Թվապատում»-ի երկրորդ մրցանակին
- Բարի մաման
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան