«Ժողովուրդ». Արդյոք Հայաստանը կիրականացնի ստանձնած պարտավորությունը՝ ցույց կտա ժամանակը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ-ում ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի պահանջների ու դրույթների համակարգումն իրականացվել է միջգերատեսչական համակարգման խորհրդի կողմից։
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ավելի քան մեկ տարի է, ինչ այն չի գործում, և սա այն դեպքում, երբ 2015 թվականի դեկտեմբերին աշխարհի առաջնորդներն ընդունել են կլիմայի փոփոխության նոր` Փարիզյան համաձայնագիրը, որով որոշվել է զսպել գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը 2 աստիճան Ցելսիուսի սահմաններում` ձգտելով չգերազանցել 1.5 աստիճանը: Հայաստանը ևս ստորագրել է կլիմայի վերաբերյալ Փարիզյան համաձայնագիրը` պարտավորվելով մասնավորապես 35 տարվա ընթացքում ջերմոցային գազերի արտանետումները սահմանափակել 633 մլն տոննայի սահմաններում։
Ավելին, «Կանաչ կիլմայի հիմնադրամ»-ից տարածաշրջանում Հայաստանն առաջինն է ստացել դրամաշնորհ` 20 մլն դոլլարի չափով: Ավելին, ջերմոցային գազերի արտանետումների կրճատման աշխատանքները պետք է մեկնարկեին 2020 թվականից։ Հայաստանը կլիմայի փոփոխության շրջանակներում նաև պարտավորվել է անտառապատ տարածքներն ավելացնել մինչև 265 հազար հեկտարով:
Մինչև 2030 թվականը պետք է երկրները ներկայացնեն, թե վերցրած պարտավորություններից որքանն են իրականացրել: Արդյոք Հայաստանը կիրականացնի ստանձնած պարտավորությունը՝ ցույց կտա ժամանակը։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խորհրդի չգործելու պատճառը ՀՀ կառավարության կազմի և կառուցվածքի փոփոխությունն է: Առաջիկայում խորհրդի կազմը կձևավորվի, որի նախագահի իրավասությունը կվերապահվի ՀՀ փոխվարչապետին։ Չմոռանանք՝ առաջիկայում արտահերթ ընտրություններ են, և փոփոխություններն անխուսափելի են»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում